Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կադաստրի կողմից մատուցվող ծառայությունները։
«Մենք պարոն Զախարյանի (Երվանդ Զախարյան ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ) հետ մանրակրկիտ դիտարկել ենք բոլոր ծառայությունները, որոնք մատուցվում են կադաստրի կողմից, ընդ որում` արձանագրել ենք, որ նաև կան տարբերություններ ըստ մարզերի, ըստ ծառայությունների. կան շրջաններ, որտեղ ծառայությունները բավական պատշաճ մակարդակի վրա են գտնվում, և բարեփոխումների ընթացքը ճիշտ են ընկալել և արագ ներդրել են նոր մոտեցումները։ Բայց կան դեռևս տարածքներ, որտեղ այդ ծառայությունների որակը մեզ չի բավարարում։ Այսօր իրավիճակը հետևյալն է. մենք անդրադարձել ենք 4 տիպի գործառույթների, մասնավորապես` առք ու վաճառքի գործառույթների գրանցմանը, միասնական տեղեկանքի տրամադրմանը, չափագրումներին, որոնք իրականացվում են կադաստրի կողմից, ընդ որում` այս չափագրումները 2 գործառույթի ներքո են իրականացվում. առաջինը` երբ միասնական տեղեկանք է տրվում, հասկանալի է, որ դա անհրաժեշտ է, բայց երբ առք ու վաճառքի երկրորդային, երրորդային գործարքներ են իրականացվում, օրենսդրությունը չի նախատեսում, որ այդ գործարքը պարտադիր է», – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա առաջարկել է Երվանդ Զախարյանին ներկայացնել, թե ինչ գործողություններ են ծրագրվել, որպեսզի կադաստրի կողմից մատուցվող ծառայություններում հնարավոր լինի կարճ ժամկետում ավելորդ գործառույթները վերացնել:
«Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, իրոք, կադաստրի մարմիններում որոշակի բացթողումներ կան, և կա քաղաքացիների արդարացի դժգոհությունը։ Ուսումնասիրությունների արդյունքում, ինչպես գիտեք, նախապատրաստվել է կառավարության որոշում, որն ընդունվել է դեռևս 2010 թվականին և նախատեսում է ընդհանրապես կադաստրի մարմինների աշխատանքի ընդհանուր փոփոխություններ, ընդհուպ մինչև կառավարման համակարգի փոփոխություն։ Այդտեղ բավական առաջարկություններ կան և օրենքի նախագիծ է նախապատրաստվել, որը հավանաբար մոտ օրերս կներկայացվի կառավարություն հաստատման, որից հետո` Ազգային ժողով։ Բարեփոխումներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2011 թվականին, և 2012թ. հունվարից արդեն աշխատել բոլորովին նոր ռեժիմով։ Սակայն մինչև 2012 թվականը որպեսզի կոռուպցիոն ռիսկերը ավելի նվազեցվեն և բնակիչների, քաղաքացիների հետ շփումները լինեն ավելի արդյունավետ, պարզ և թափանցիկ, քննարկումներից հետո մենք առաջարկություն ենք ներկայացրել կառավարություն, և հավանաբար այդ առաջարկությունն այսօր նախարարների կոմիտեում կքննակվի։ Ընդհանուր էությունը հետևյալն է. այն չափագրումները, որոնք կատարվում են կադաստրի պետական մարմինների կողմից պետք է հնարավորինս կրճատվեն։ Այսօր չափագրումների իրականացումից և՛ սկզբնային, առաջնային գրանցման ընթացքում, և՛ դրանից հետո, երբ ահրաժեշտ է լինում ցանկացած տեղեկանք, երբ դիմում են քաղաքացիները կադաստրի պետական մարմիններին ստանալու, և այդ տեղեկանքները տրամադրելու նպատակով, կատարվում են լրացուցիչ տեղազննություն և չափագրումներ։ Կադաստրի պետական կոմիտեի առաջարկությունը հետևյալն է. թողնել միայն առաջնային գրանցման ժամանակ չափագրումները և տեղազննությունը։ Մնացած բոլոր դեպքերում չափագրությունները հանվեն օրակարգից, և քաղաքացիներին հնարավորություն տրվի տեղեկանքներն ստանալ կադաստրի պետական մարմիններից միայն գրանցված գույքի շրջանակներում և վկայականների հիման վրա, առանց լրացուցիչ այցելելու տարածքներ, օբյեկտներ և լրացուցիչ չափագրումների։ Սա հնարավորություն կտա աշխատել ավելի թափանցիկ, ազատ և այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք այսօր, իրոք, կան համակարգում վերացնել և ավելի դյուրին դարձնել քաղաքացիների համար աշխատանքը կադաստրի մարմինների հետ», – ասել է Երվանդ Զախարյանը։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր նախարարական կոմիտեում կքննարկվի Երվանդ Զախարյանի առաջարկը և կառավարության հաջորդ նիստում արդեն կընդունվի համապատասխան որոշում։