ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ նման հանդիպումները լավ առիթ են անդրադառնալու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցերին, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը խթանելու արդյունքում` զարգացած Հայաստան ունենալուն:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթություններում և ձգտում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնել ու խորացնել այդ հարաբերությունները:
Տիկին Քեյդենաուն նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն զարգացման շատ հստակ ու դրական ուղղվածություն և վստահություն հայտնել, որ այդ միտումը կշարունակվի: Նա հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը շարունակել աջակցել Սերժ Սարգսյանի՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին:
Երկկողմ համագործակցության հարցերից բացի, քննարկվել է նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: