Թուրքիան առանցքային դերակատարություն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, հայտարարել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի քաղաքականության տեսության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր` Վլադիմիր Գուտորովը:
Վերջինս Երևան է ժամանել «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա և այդ ամենի արտացոլումը ԶԼՄ-ներում» թեմայով միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով:
«Թուրքիան մեկընդմիշտ հայտարարել է, որ սատարելու է Ադրբեջանին և որ ցանկալի է հակամարտության կարգավորման հասնել խաղաղ ճանապարհով:
Այստեղ բացարձակ ակնհայտ հակասություններ կան. սա որոշակի առումով քաղաքական փակուղի է, և այդ փակուղուց երկու երկրներն էլ դուրս չեն գա առանց միջազգային կազմակերպությունների աջակցության: Այս մասին վկայում են Եվրախորհրդարանի անդամների պարբերական այցելությունները, և, ի դեպ, Եվրախորհրդի կարծիքը Թուրքիայի օգտին չէ»,- նշել է Գուտորովը:
Հարցին` արդյոք ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի հայ-թուրքական հարաբերություններից անկախ, փորձագետը նշել է. «Միայն մեկ փաթեթում և համալիր մոտեցմամբ, այլ որոշումը անհնար է: Հաշվի առնելով նաև ադրբեջանական կողմի կարծիքը»:
Այս հակամարտությունները, ըստ ռուսաստանցի պրոֆեսորի, պետք է միաժամանակ լուծվեն, «բայց այդպես երբեք չի լինում»:
Զրուցել է Վահան Եղիազարյանը
Լուսանկարը` ansar.ru-ի