Արդեն երրորդ տարին է, ինչ Թուրքիան ընդգրկվում է այն 11 երկրների ցուցակում, որոնց Միացյալ Նահանգները դատապարտոււմ են կրոնական ազատությունների ոտնահարման համար: Այս մասին ասված է Միջազգային կրոնական ազատությունների վերաբերյալ Միացյալ Նահանգների հանձնաժողովի ամենամյա զեկույցում (USCIRF):
Այս տարի, համաձայն USCIRF-ի զեկույցի, 14 երկրներ լուրջ մտահոգության առիթ են ստեղծում, քանի որ «այս երկրների կառավարությունները հատկապես խիստ բռնության են դիմում կրոնական ազատությունների հարցում»: Բիրման, Հյուսիսային Կորեան, Եգիպտոսը, Էրիթրեան, Իրանը, Ւրաքը, Նիգերիան, Պակիստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Վյետնամը հայտնվել են այս ցուցակում:
Համաձայն այս զեկույցի, USCIRF-ը երկրների ևս մեկ խումբ է առանձնացրել, որտեղ նախկինում լուրջ կրոնական բռնությունների դեպքեր են գրանցվել և նշում, որ այս երկրները դիտարկման տակ են մնում: Այս տարի, Թուրքիայի հետ մեկտեղ, Աֆղանստանը, Բելառուսը, Կուբան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լաոսը, Ռուսաստանը, Սոմալին, Տաջիկստանը և Վենեսուելան ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում կլինեն:
Զեկույցում ասվում է նաև, որ Թուրքիայի կառավարությունը ձախողել է կրոնական բռնությունների հարցում երկրում տիրող իրավիճակը մեղմելու նպատակով որոշիչ քայլեր իրականացնելու պահանջները, ինչպես նաև իրադրությունը փոփոխելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումների կատարումը:
Զեկույցն ընդգծում է աշխարհիկության բացակայության փաստը, որն էականորեն ազդում է կրոնական ազատությունների սահմանափակման վրա, հատկապես կրոնական փոքրամասնություն կազմող համայնքների վրա, այդ թվում` հունական, սիրիական ուղղափառ եկեղեցիների, հայկական եկեղեցու, հռոմեական կաթոլիկ և բողոքական եկեղեցիների, հրեական համայնքի, ինչպես նաև մեծ թիվ կազմող սունի մահմեդականների և ալևիների համայնքի ազատությունների վրա: