Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ համակիրներ Հովհաննես Քիրամիջյանը, Արեգ Գևորգյանը Տիգրան Տեր-Պետրոսյանը և հրապարակախոս Լիզա Ճաղարյանը Facebook սոցիալական ցանցում էջ էն ստեղծել, որում հայտարարում են, որ եթե մինչև մայիսի 31-ի ժամը 18:00-ն բանտերից ազատ չարձակվեցին բոլոր քաղբանտարկյալները, իրենք անժամկետ նստացույց են սկսում Ազատության հրապարակում:
«Եթե մինչև մայիսի 31-ը, ժամը 18-ը Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալները ազատ չարձակվեն և Ազատության հրապարակի հարթակից չողջունեն Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցներին, այդ պահից սկսած՝ նույն Ազատության հրապարակում հայտարարելու ենք անժամկետ նստացույց: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- ասված է նրանց հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Facebook սոցիալական ցանցում Արման Անտոնյան օգտատերը էջ էր ստեղծել, որտեղ հայտարարել էր, որ մայիսի 6-ին, ժամը 20:00-ից նստացույց է սկսելու Ազատության հրապարակում:
«Ես սկսելու եմ նստացույց և միայն ու միայն ցանկանում եմ բողոքս այս կերպ արտահայտել: Գտնում եմ, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի յուրովի պայքարել: Կարծում եմ` նաև հասարակությունը պետք է լինի թելադրողի դերում: Միշտ մասնակցել եմ ՀԱԿ հանրահավաքներին, մասնակցել եմ նաև ապրիլի 28-ին: Կարծում եմ` հանրությունը պետք է որոշի անելիքները, իսկ ընդդիմադիր լիդերները հարգեն և ընդունեն մարդկանց որոշումը», – ասել էր Epress.am-ի հետ զրույցում Արման Անտոնյանը: