ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները վնասազերծել են հանցավոր խումբ, որի կազմում եղել են ՀՀ կրթության նախարարության աշխատակից, դասախոս, դպրոցի տնօրեն, նախկինում դատապարտված մի քաղաքացի, այլ անձինք:
Հանցավոր խմբի անդամ Համբարձում Ավոյանը 2009 թ. աշխատելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության տեսչավորման բաժնի պետի տեղակալ, Երևանի ուկրաինական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանի և նախկինում մի քանի անգամ դատապարտված Սամվել Հովհաննիսյանի հետ պատրաստել և Էդգար Հարությունյանի միջոցով 3500 դոլարով Էդվարդ Եղնանյանին է վաճառել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պետական նմուշի կեղծ դիպլոմ:
Գործարքը կայացել է Հարությունյանի ընկերոջ` Սարգիս Չիչյանի տանը: Ներկա եղել և բաժին է ստացել նաև վերջինիս հայրը` Վաղարշակ Չիչյանը:
Ավոյանն ու Մխիթարյանը նույնատիպ դիպլոմ են պատրաստել նաև Վաղարշակ Չիչյանի որդի Սարգիս Չիչյանի համար:
Ավոյանն ու Հովհաննիսյանը պատրաստել և մի քաղաքացուհու 300 դոլարով վաճառել են Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի կեղծ դիպլոմ:
Ավոյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ութամյա կրթության չորս լրացված վկայական, որոնք վերցրել էր Արմավիրի թիվ չորս միջնակարգ դպրոցի տնօրեն Սաշիկ Վարդանյանից` միջուկները փոխելու և Հովհաննիսյանի միջոցով վաճառելու մտադրությամբ:
Պարզվել է, որ դրանց հիման վրա էքստերն քննություն հանձնելու և ատեստատ տրամադրելու համար Վարդանյանը կաշառք է վերցրել վկայականներում անվանագրված աշակերտների ծնողներից:
Հայտնաբերվել են նաև կեղծ կնիքներ, որոնք առգրավվել են նշված կեղծ փաստաթղթերի հետ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: