Թատերագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ Արա Նեդոլյանը Epress.am-ի հետ զրույցում ներկայացրել է իր տեսակետը մայիսի 1-ի օրվա խորհրդի մասին.
«Մայիսի 1-ը զանգվածային գիտակցության մեջ այսօր պատկերվում է իբրև «աշխատանքի օր», «աշխատավորների օր», կամ «աշխատավորների համերաշխության օր», ինչը լրիվ մթագնում է այդ օրվա իմաստը, անգամ՝ նենգափոխում է նրա իրական բովանդակությունը: Իրականում, մայիսի մեկը պայքարի օր է… ընդդեմ աշխատանքի: 1880-ականների այն նախաձեռնած Ամերիկայի անարխիստները գտնում էին, որ մարդ չպետք է վաճառի իր կյանքի ժամերը, իր աշխատանքը, այսինքն, վերջին հաշվով, ինքն իրեն: Նա կարող է վաճառել միայն իր աշխատանքի արդյունքները, և հենց սկզբից պետք է դիտարկվի իր աշխատանքային տեղում իբրև այդ ապագա արդյունքի համապատասխան բաժնի համասեփականատեր: Տալով մարդուն աշխատավարձ և գնելով դրա դիմաց իր ենթակայությունը` վարձու աշխատանքի համակարգը մարդուն շահագործում է` զրկելով այդ աշխատանքի արդյունքները տնօրինելու հնարավորությունից, աշխատանքային պրոցեսը կազմակերպելու իրավասություններից, ստեղծելով օտարացված աշխատանքի համակարգ, որի մասնակիցներն են միայն շահագործողներն ու շահագործվողները: Այսպիսով, մայիսի մեկը պայքարի օր է ընդդեմ օտարցված աշխատանքի, ընդդեմ շահագործման, ընդդեմ մարդու իրավունքները աշխատավարձով կամ ժամանակավարձով փոխարինելու:
Այսօրվա աշխարհում դասակարգային պայքարի այդ առաջնային հարցը ամենևին էլ լուծված չէ, դարձյալ գոյություն ունի մարդկանց մեծամասնությունը կազմող պրոլետարական դասակարգ՝ բոլոր նրանք, ով վաճառում է իր կյանքի ժամանակը, իր աշխատանքը և փոխարենը զրկվում է այդ աշխատանքի արդյունքները տնօրինելու հնարավորությունից: Մինչդեռ, մարդու իրավունքների խորացող գիտակցումը հասկացնել է տալիս, որ կյանքի իրավունքը անվերապահ բնույթ կրում և չի կարող պայմանավորված լինել աշխատուժ վաճառելու անհրաժեշտությունից: Վաճառիր քեզ՝ սովի վախի, սոցիալական կործանման վախի տակ պահանջը պետք է արմատապես վերանայվի մարդու իրավուքի վրա հիմնված ժամանակակից հասարակությունում: Ամեն մեկն ունի իր աշխատանքը, իր ժամանակը ազատ տնօրինելու իրավունք, ամեն մեկն ունի արտադրական միջոցների սեփականության իրավունք, ու ամեն մեկն ունի տնտեսական ինքնիշխանության իրավունք՝ սա է ժամանակակից սոցիալական պայքարի հիմնական կարգախոսը: Միայն ազատը, սեփականատերը և իր արտադրանքի տերը կարող է լինել լիարժեք քաղաքացի, կարող է լինել ինքնիշխան մարդ:
Մեր երկրի, ինչպես և աշխարհի աշխատավորների ու գործազուրկների առջև կա մեկ խնդիր՝ վերականգնել ինքնիշխանությունը տնտեսական կյանքում, դառնալ սեփականատեր, իշխանավոր և մշակույթին ոչ թե ենթարկվող, այլ այն ազատորեն արտադրող: Դրա միջոցներն են՝ վերասեփականաշնորհում, քաղաքական ու քաղաքացիական ինքնիշխանության ձեռքբերում, մշակութային ապակենտրոնացում: Դա է այն հեղափոխությունը, որ հասունացել է աշխարհում ու արդեն տեղի է ունենում իբրև պայքար ամեն տեսակի՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային հայրիշխանության դեմ, հանուն ինքնիշխան անհատի կայացման, որը միակն է կարող անվանվել մարդ ու կիրառել իր մարդու իրավունքները: Մեր հասարակությունում հենց այդ ընկալումը դրված է Հայ Ազգային Կոնգրեսի սահմանադրական կարգի վերականգնման, ինչպես նաև՝ 100 քայլ տնտեսական, Մշակույթի, Կրթության և գիտության, առողջապահության արմատական բարեփոխումների ծրագրերի հիմքում»: