Այսօր «Սևան» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը Հրազդանի իր տանը զրուցել է լրագրողների հետ` նշելով, որ ինքն այսօր ազատության մեջ է միայն ու միայն ժողովրդի հետևողական պայքարի շնորհիվ:
«Նույնիսկ եվրոպական ճնշումները, որ բանեցնում էին, դարձյալ հետևողական պայքարի շնորհիվ հաշվի նստեցին մեր ժողովրդի հետ: Կա մի մեծ հասարակություն, որը երբեք թույլ չի տա, որ իր արժանապատվության, ազատ ապրելու իրավունքը խլեն մեր ձեռքից»,- նշել է Արամ Բարեղամյանը:
Լրագրողների հետ զրույցում Բարեղամյանն անդրադարձել է նաև մարտի 1-ի դեպքերին, որոնց հետևանքով էլ ձերբակալվել է և երեք տարի բանտում անցկացրել:
«Մարտի 1-ից հետո այս երեք տարիները կորցրած ժամանակ չի, այս ժամանակահատվածում քաղաքացիական հասարակությունը կայացման պրոցեսում է: Այն ժամանակ նրանք համոզվեցին, որ մի քանի օր հետո ամբողջ հասարակությունը ոտքի վրա էր, և այլ ելք չէր մնում, քան կազմակերպել մարտիմեկյան ջարդը»,- ասել է ազատ արձակված քաղբանտարկյալը:
Նա նաև խոսել է Հայ Ազգային Կոնգրեսի վերջին հանրահավաքի և այն մարդկանց մասին, որոնք այդ օրն այլ ակնկալիքներ ունեին:
«Պահի ազդեցության տակ հիասթափվողներ կլինեին, բայց չեմ կարծում, որ ժողովուրդը հիասթափված էր: Պարզապես դա նրանից է գալիս, որ, հնարավոր է, մեծ ինֆորմացիայի չեն տիրապետում: Պետք է վստահել մեր առաջնորդին, Հայ Ազգային Կոնգրեսի մնացած կուսակցություններին, քանի որ, իրենք իրենց ամբողջ գործունեությամբ ապացուցել են վստահելու այդ ընթացքը: Իսկ առաջին նախագահը 1988 թվականից ճշգրիտ հաշվարկներով է ամբողջը տանում: Մենք իրավունք չունենք չվստահելու»,- հավելել է Արամ Բարեղամյանը: