Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ժնև:
Այցի շրջանակում նա այցելել է Գրքի և մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդեսում շրջելուց հետո, ՀՀ նախագահն իր տպավորություններն է ներկայացրել՝ նշելով, որ այն հայատառ գրատպության 500-ամյակին ու 2012թ. Երևանի՝ համաշխարհային գրքի մայրաքաղաքի պատվավոր կոչմանը նախորդող շատ կարևոր իրադարձություն է:
«2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է համաշխարհային գրքի մայրաքաղաք, նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ: Մեծ հոբելյանները և նման ձեռնարկները մենք համարում ենք շատ գեղեցիկ առիթ՝ հատկապես նոր սերնդին գրքի հետ կապելու համար: Մեզ համար ընթերցող հասարակություն ունենալը կենսական պայման է: Չկարդացող Հայաստան պարզապես չի կարող լինել: Մենք նաև օգտագործում ենք այս առիթը՝ կարգի բերելու մեր գրադարանները, նորոգելու և բացելու նոր գրախանութներ, գրքի կենտրոններ: Արդեն գրեթե ավարտված են Մատենադարան թանգարան-ինստիտուտի նոր շենքի շինարարական աշխատանքները: Եվ այդ նոր շենքի չափերը, ծավալը երեք անգամ ավելի են, քան այսօր գործող ձեզ ծանոթ Մատենադարանի չափերը: Շուտով մենք սկսելու ենք Մատենադարանի գործող՝ հին շենքի վերանորոգման աշխատանքները, որպեսզի արդեն աշնանն ունենանք ինչպես գրքի պահպանման, ուսումնասիրման, պրոպագանդման ժամանակակից կենտրոն, այնպես էլ մեծ ցուցասրահներ՝ նախկին շենքում: Ամբողջովին կվերանորոգվի մեր Հանրային գրադարանի գլխավոր մասնաշենքը և Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի շենքը: Կվերանորոգվեն նաև տասը մարզային գրադարաններ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նաև շրջել է ցուցահանդեսի հայկական տաղավարում, ծանոթացել Հայաստանի և Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, դիտել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը, նաև այցելել Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» խորագիրը կրող ժամանակակից արվեստի ցուցահանդես:
Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը նաև ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-խաչքարին, նաև՝ հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ« հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Վաղը նախատեսված են երկրի ղեկավարի հանդիպումները Շվեյցարիայի Համադաշնության բարձրագույն ղեկավարության հետ: