Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպվող հանդիպումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ լուծման չեն հանգեցնի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Թուրքիայի նախկին ներկայացուցիչ Ջանդան Ազեր:
Նրա խոսքով` Մինսկի խմբի համանախագահները որևէ ջանք չեն գործադրում` խնդրին լումում տալու համար:
«Երբ Մինսկի խումբը նոր էր ստեղծվել` 1992 թվականին, այլ ձևաչափով էր գործում: Մենք բոլորս ընդգրկված էինք որպես անդամներ և շատ լուրջ աշխատում էինք, բայց այդ ժամանակ պատերազմական իրավիճակ էր, և հնարավոր չէր գտնել լուծում: Այսօրվա ձևաչափի շրջանակներում Թուրքիայի պես երկիրը մասնակից կողմ չէ», – ասել է Ազերը:
Թուրք դիվանագետը վստահ է, որ Ռուսաստանը` որպես ՄԽ անդամ, շահագրգռված չէ խնդրի լուծման մեջ, քանի որ ներկայումս Հարավային Կովկասում միայն Հայաստանն ու Ռուսաստանն են, որ միմյանց հետ խնդիրներ չունեն:
«Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանի և Ռուսաստանի միջև չկա ռազմական պայմանագիր, Ադրբեջանի տարածքում չկան ռուս զինվորներ, իսկ Հայաստանում կան ռազմակայաններ: Եթե Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորվի, ապա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ արագ կբարելավվեն», – ասել է մեր զրուցակիցը:
Նույնը, նրա կարծիքով, նաև Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման դեպքում. «Հենց որ հայ-թուրքական խնդիրը լուծվի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան շատ արագ: Այս դեպքում Ռուսաստանը կկորցնի իր դերը Հարավային Կովկասում: Այդ իսկ պատճառով ես չեմ կարծում, որ Ռուսաստանի շահերից է բխում լուծում գտնել է այս խնդրին»:
Ըստ Ազերի` Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների չմիջնորդված բանակցությունների արդյունքում, իսկ դա կարող են ապահովել Միացյալ Նախանգները:
«ԱՄՆ-ն կարող է որոշակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս Հայաստանին և Ադրբեջանին մենակ թողնի, որպեսզի նրանք կարողանան գտնել լուծում», – եզրափակել է դիվանագետը: