Երեկ «Սևան» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը խոստացել էր, որ այսօր իր առաջին գործն է լինելու ծաղիկներ դնել Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 2008 թվականի մարտի 1-ին հավաքվել էին ընդդիմության ներկայացուցիչները:
Այսօր Բարեղամյանը կատարեց իր խոստումը, որից հետո ՀԱԿ-ի ակտիվիստների հետ միասին շարժվեց դեպի Սարյանի արձան, որտեղ ավանդաբար քաղաքական զբոսանքներ են անցկացնում ընդդիմության համակիրները:
Մինչ Բարեղամյանի ժամանելը Սարյանի արձանի այգին արդեն լեփ-լեցուն էր ՀԱԿ-ի անդամներով:
Քաղբանտարկյալին հավաքվածները դիմավորեցին ծափերով և «Արամ, Արամ» վանկարկելով, այնուհետև շամպայն բացեցին և միմյանց շնորհավորեցին ևս մեկ քաղբանտարկյալի ազատ արձակման կապակցությամբ:
Սարյանի այգում ելույթ ունեցավ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
«Էն մեծ խնդիրը, էն մեծ երազը, որ բոլորս փայփայում ենք և աշխատում ենք դրա համար, թող շատ շուտ իրականանա»,- նշեց Մանուկյանը:
Հայ Ազգային Կոնգրեսի իրավական աջակցության գրասենյակի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն իր խոսքում ասաց. «Իհարկե, մենք առաջին էտապով ազատվեցինք ձեր` ժողովրդի պայքարի արդյունքում: Էսօր մեր տղաները ազատվելու են էլի ժողովրդի, մեր շարժման պայքարի արդյունքում: Բայց ես ձեզ ուզում եմ ասել, որ եթե 28-ին (նկատի ունի ապրիլի 28-ի հանրահավաքը) սխալ որոշում կայացնեինք, Արամն էսօր մեզ հետ չէր լինելու: Սա ևս մի ապացույց է, որ մեր բոլոր քայլերը շատ ճիշտ են, ճիշտ հաշվարկված են, ու գնդակը հիմա իշխանության դաշտում է, պարտադիր պիտի քայլ անի, չի կարող քայլ չանել»:
Արամ Բարեղամյանը շնորհակալություն հայտնեց ժողովրդին` նշելով, որ ինքը ազատության մեջ է նրանց հետևողական պայքարի շնորհիվ:
«Եվ մենք իշխանությունների գործած վայրենությունից հետո տեղափոխվել ենք շախմատի դաշտ, մենք հաղթելու ենք կարճ ժամանակում, համբերություն է պետք մի քիչ: Սովետական մյուս պետությունների համեմատ մենք մեր անկախությունը մեր պայքարի միջոցով ենք ստացել: Իսկ 1998 թվականից փորձում են խլել մեր ազատ ապրելու իրավունքը: Մենք ապացուցեցինք, որ իրավունք ունենք արժանապատիվ ապրելու»,- ասաց Արամ Բարեղամյանը: