ՀՀ նախագահի նստավայրի մոտ այսօր հավաքված առևտրականներն այս պահին երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ մտադիր են երկու ժամ նստացույց անել: Բողոքավորներին ուղեկցում է նաև «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ակտիվիստների խոսքով` վաղը կառավարության նիստից հետո, իրենք, ինչպես նաև կառավարության շենքի մոտ ամեն հինգշաբթի բողոքի ակցիաներ անցկացնող այլ խմբեր, միասին գնալու են Ազատության հրապարակ, որտեղ շարունակելու են նստացույցը:
Հիշեցնենք, որ առևտրականներն այսօր հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ` պահանջելով հանդիպում անձամբ Սերժ Սարգսյանի հետ:
Մինչ առևտրականները փորձում էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել, Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունում էր Լիտվայի նախագահին, որի պատճառով ցուցարաներին արգելեցին մոտենալ նույնիսկ նախագահական նստավայրի դիմացի մայթին:
Հավաքվածներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է «Աշխատանքից զրկելը պետական հանցագործություն է», «Սերժ Սարգսյան, կասեցրեք արտագաղթը», «ՍՕՍ», «Հայաստանը հայաթափվում է», «Մեր հայրենիքում պետությունը մեզ զրկում է նույնիսկ գոյատևելուց», «Քաղաքապետը մեզ զրկեց հացից», «Սերժ Սարգսյան, պաշտպանեք մեր աշխատելու իրավունքը», «Մի հարստացրեք սուպերմարկետները բացօթյա առևտրի հաշվին»: