ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպել է ուսանողների հետ: Կառավարության ղեկավարն ուսանողների հետ խոսել է նրանց հուզող խնդիրների, մասնավորապես, կոռուպցիայի մասին:
Վարչապետն առաջարկել է ներկայացված խնդիրների լուծման համար համատեղ քննարկումներ կազմակերպել. «Այս հանդիպումը կարևոր է այն առումով, որ դուք կլսեք, կտեսնեք ու կզգաք, թե ինչպես եմ ես մտածում այն հարցերի շուրջ, որոնք մտահոգում են ձեզ»:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, իր խոսքում Սարգսյանը խոսել է ժամանակակից հասարակության ձևավորման մասին` կարևորելով «աշխարհն ամբողջականորեն ճանաչելու կարողությունը»:
«Կարևոր է հասկանալ, թե ժամանակակից աշխարհն ինչ օրինաչափություններով է զարգանում, և ինչպիսի հասարակություն է անհրաժեշտ ձևավորել, որ այդ աշխարհում մրցունակ լինենք: Հայաստանի ապագան պայմանավորված է նրանով, թե այս լսարանում ինչ մտածողություն է տիրում: Եթե մենք իմանանք դա, կարող ենք ասել, թե ինչպիսին կլինի մեր ապագան», – ասել է վարչապետը:
Անդրադառնալով կոռուպցիայի տարածվածության հարցին Տիգրան Սարգսյանը նկատել է, որ «վերջինիս հաղթահարումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ համընդհանուր համոզմունք ձևավորվի, որ կաշառակերությունը չարիք է»:
«Չափազանց կարևոր է, որ ուսանողները ցանկություն ունենան մասնակցել հակակոռուպցիոն շարժմանը», – ասել է Սարգսյանը:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը ներկայացրել է ուսանողների առաջարկությունների փաթեթը` ուղղված կաշառակերության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: