ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին, ով Հայաստան է ժամանել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի կողմից մեր երկրում իրականացված հնգամյա ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հիմնադրամին` Հայաստանին ցուցաբերած օժանդակության, իրականացրած արդյունավետ ծրագրերի համար` ընդգծելով, որ դրանք Հայաստանում երբևէ իրականացված ամենահաջող ծրագրերից են:
«Շատ կարևոր է, որ ծրագրերն ուղղված են գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը: Մենք նաև ջանքեր ենք գործադրում, որպեսզի այն ծրագրերը, որոնք չհասցրեցինք իրականացնել Հիմնադրամի աջակցությամբ, իրագործենք այլ միջոցներով, որպեսզի ծրագրերը լինեն շարունակական»,- ասել է Նախագահը: Հանրապետության ղեկավարը նշել է նաև, որ և՛ ինքը, և՛ կառավարության ղեկավարը մարզերում ծանոթացել են ծրագրերի իրականացման գործընթացին ու կարծում են, որ դրանց նկատմամբ հասարակական լավ ընկալում կա:
ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրենը նշել է, որ Հիմնադրամը ծրագրի իրականացման ողջ ընթացքում մշտապես զգացել է Սերժ Սարգսյանի օժանդակությունը և՛ վարչապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում, և՛ երկրի ղեկավարի պաշտոնում:
«Ես եկա, որպեսզի ականատես լինեմ վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրված առաջընթացին: Առիթ ունեցա այցելելու և հանդիպելու շահառուներին ու հողագործներին, ինչպես նաև այն վայրերը, որտեղ մենք վերանորոգել, վերականգնել ենք ջրանցքները: Շատ տպավորված եմ իմ տեսածով: Ըստ իս, այս ներդրումները դրական փոփոխությունների են հանգեցրել, որոնք զգալի են նաև ժողովրդի համար: Հողագործներից շատերի հետ խոսեցի, ովքեր ինձ պատմեցին, որ հնարավորություն են ունեցել կրկնապատկել, եռապատկել, անգամ քառապատկել իրենց բերքն ու եկամուտներն այս ծրագրերի շնորհիվ»,- ասել է Դենիել Յոհաննեսը: