Մայիսի 28-ին կայանալիք «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպմանը երկու թիմերին Լոնդոն կտեղափոխի «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը (THY), հաղորդում է թուրքական «Յենի շաֆակ» օրաթերթը:
THY-ը երկու ակումբների պաշտոնական հովանավորն է: «Բարսելոնայի» հետ պայմանագիրը կնքվել է 2010 թվականի սկզբին երեք տարով: Կատալոնյան ակումբը տարեկան 4 միլիոն դոլար է ստանում թուրքական ընկերությունից: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը THY-ը ստրոգրել է 2010 թվականի մայիսին: Այն նախատեսված է 3,5 տարվա համար, որի ընթացքում անգլիական ակումբը ստանալու է մոտ 10 միլիոն եվրո:
THY-ում այս պայմանագրերի արդյունավետությունը բարձր են գնահատում` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ երկու ակումբները հայտնվել են Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում:
Հիշեցնենք, որ այս տարի THY-ը նաև 1,5 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք նաև, որ THY-ը 2010 թվականի վերջին պայմանագիր էր կնքել ամերիկացի բասկետբոլային աստղ, «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի խաղացող Քոբի Բրայանտի հետ, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել թիմի հայ երկրպագուների շրջանում, ովքեր նամակներ էին գրում Բրայանտին` հորդորելով խզել պայմանագիրը մի երկրի ընկերության հետ, որը չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: