Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է լայնածավալ ուսումնասիրություն սկսել Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ:
Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ մանրամասն կուսումնասիրվեն թե տեղական արտադրողների, թե ներմուծողների և թե ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունները:
Հիշեցնենք, որ Հայաստանում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցները վերջին շրջանում դժգոհում են Թուրքիայից ներկրվող բանջարեղենների, մասնավորապես, լոլիկի ներմուծման դեմ: Մասնավորապես, հինգշաբթի ՀՀ կառավարության շենքի մոտ նրանք բողոքի ցույց էին կազմակերպել: Ըստ ֆերմերների պարզաբանումների, Թուրքիայից ներկրվող բանջարեղենը շուկայում իրացվում է անհամեմատ ցածր գնով, ինչն էլ խոչընդոտում է տեղական արտադրողի գործունեությանը: Որպես պատճառ բողոքողները նշում են անօրինական ներմուծումը: