ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մայիսի 6-ի նիստում հրապարակել է մարտի 30-ին ազոտական պարարտանյութերի շուկայում սկսված ուսումնասիրության արդյունքները: Նկատի ունենալով գյուղոլորտում այս ապրանքատեսակի կարևորությունը և նաև պայմանավորված դրա օգտագործման սեզոնայնությամբ, Հանձնաժողովն ուսումնասիրությունն ավարտել է բավական կարճ ժամկետում, տեղեկացնում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Նախ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, թե որ ընկերություններն են հանդիսանում այս շուկայում գերիշխող: Այսպես, 2011 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ազոտական պարարտանյութի շուկայում գերիշխող են «Քեթրին գրուպ» ընկերությունը, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 30 տոկոս, «Ագրիմատկո Արմենիան»` իրացման 24 տոկոս և «Մասիսի բերրիություն» ընկերությունը` 22 տոկոս մասնաբաժիններով:
Նշված տնտեսվարողների կողմից գերիշխող դիրքի չարաշահման առկայությունը պարզելու նպատակով, Հանձնաժողովը կատարել է նրանց գործունեությունների մանրամասն ուսումնասիրություն: Այսպես, 2010 թվականի մարտին այս ընկերությունների մոտ 1 պարկ (50 կգ ) ազոտական պարարտանյութի ձեռքբերման գինը կազմել է 5600-5800, իսկ վաճառքի գինը՝ 6300-6500 դրամ: Այս տարվա մարտին նրանք պարարտանյութը ձեռք են բերել 6000-6200 դրամով և, ըստ ներկայացված փաստաթղթերի իրացրել 6800-7000 դրամով: Սակայն, Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում արձանագրվել է մինչև անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի դիմաց:
Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը որոշել է սահմանել հատուկ հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի խոշոր ներկրողները 1 պարկ պարարտանյութի համար 7 հազար դրամից ավելի գին չսահմանեն: Ընդ որում, ըստ մամուլի հրապարակումների և գյուղացիական տնտեսությունների պարզաբանումների, իրանական արտադրության պարարտանյութն իրենց վաճառվում է անհամեմատ թանկ, քան վրացականը, մոտ 2-3 հազար դրամի տարբերությամբ: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ 7 հազար դրամ առավելագույն գինը վերոնշյալ երկու տեսակների դեպքում էլ անփոփոխ է: