Home / Հայաստան / Սփյուռքի նախարարը մեկնել է Ստամբուլ

Սփյուռքի նախարարը մեկնել է Ստամբուլ

Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնել է Ստամբուլ` մասնակցելու  մայիսի 5-7-ը կազմակերպվելիք «Կանանց համաշխարհային գագաթաժողով»-ին: Այս մասին հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության կայքը:

2003 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի «Կանանց համաշխարհային գագաթաժողով»-ին նախորդել է կին նախարարների մասնակցությամբ կլոր սեղան, որին մասնակցելու համար այս տարի հրավիրվել է նաև ՀՀ սփյուռքի նախարարը:

Այցի ընթացքում Հակոբյանը հանդիպումներ կունենա Ստամբուլի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, կայցելի Ստամբուլի հայկական ազգային հիվանդանոց, հայկական եկեղեցիներ, վարժարաններ, գերեզմանատներ: Նախատեսվում է նաև ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումը Ստամբուլի երեք հայկական թերթերի խմբագրակազմերի հետ:

Հակոբյանը Աթոռանիստ Մայր Եկեղեցում կմասնակցի պատարագի, այնուհետև կայցելի Կ.Պոլսի Հայոց Պատրիարքարան: