«Երկրապահ» կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում խոսել է ղարաբաղյան հակամարտության և Ադրբեջանի մասին:
– Վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին եթե գումարենք շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները` խոսքը հրադադարի ռեժիմի խախտման մասին է, կարող ենք ենթադրել, որ պատերազմը շատ մոտ է: Ըստ Ձեզ`կարո՞ղ է պատերազմի հանգեցնել ստեղծված իրավիճակը:
– Նախ ասեմ, որ Երկրապահն առաջնորդվում է «Խաղաղություն ես ուզում`պատրաստվիր պատերազմի» հայտնի կարգախոսով: Մեզանից առավել`ոչ ոք չի հասկանում, թե ինչ մեծ արժեք է խաղաղությունը: Մենք եղբայրներ ենք կորցրել, ընկերներ և գիտենք, թե ինչ ծանր բան է պատերազմը: Հիմա պետք է միասնական լինենք, ամուր պետություն, ամուր բանակ ունենանք, որպեսզի նենգ ոսոխն ամեն րոպե գիտակցի` մեր սահմանների նկատմամբ ոտնձգության դեպքում, դարձյալ ընկնելու է մեր ոտքերն ու դարձյալ հրադադար մուրա: Ժամանակին Ադրբեջանը պատերազմ հրահրեց մեր դեմ, իսկ հայկական կազմավորումները, սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, խաղաղություն պարտադրեցին արյունատենչ թուրքին: Հիշեք, թե ինչպես էին 1994-ին ադրբեջանցիները խուճապահար փախչում: Հիշեք նաև, թե ինչ մեծահոգի էինք մենք: Մենք կարող էինք շա~տ տարածքներ վերցնել, բայց կանգ առանք, որովհետև մեզ համար բարձր արժեք էր խաղաղությունը: Մենք բավարարվեցինք ազատագրելով մեր հայրենիքի այն փոքր հատվածը միայն, որ անհրաժեշտ է Հայաստանի, Արցախի անվտանգությունը երաշխավորելու համար: Մենք պատերազմ չենք կամենում, բայց մենք պատրաստ ենք վատթարին: Ես հավաստիացնում եմ`եթե թշնամին սխալվի ու դարձյալ պատերազմ սկսի, ապա ռազմական գործողություններն ընթանալու են իր իսկ տարածքում: Չի բացառվում, որ այդ դեպքում մենք ոչ միայն մեր հայրենի տարածքներն ազատագրենք, ինչպես դա արեցինք 1994-ին: Եթե թուրք-ազերին իր ռազմատենչությունը դարձյալ դրսևորի, ապա այս անգամ թերևս մեր հայրենի Նախիջևանն ազատագրելուց զատ Կիրովաբադ և հնարավոր է`մինչև անգամ Բաքու մտնենք: Չարիքն իր բնում է պետք խեղդել: Թուրքը տեռորիստ է, մարդասպան: Մենք այդպիսին չենք, խաղաղասեր ենք, քրիստոնյա ենք, մենք երեխա չենք մորթել, բայց երբ մեր հողին, մեր հայրենիքին, մեր ընտանիքներին վտանգ է սպառնում, մենք գիտենք վճռականորեն կռվել: