Home / Հայաստան / Ծառուկյան vs. Ալեքսանյան. ո՞ւմ շաքարն է ավելի «բարձր»

Ծառուկյան vs. Ալեքսանյան. ո՞ւմ շաքարն է ավելի «բարձր»

Շիրակցի մեղվապահները, հյուրընկալելով ՀՀ մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանին, ինքնակամ կամ հատուկ պատվերով դժգոհել էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանի արտադրանքից, գրում է «Ժամանակ» օրաթերթը:

«Ռոզա Ծառուկյանի այն հարցին, թե որտեղից են գնում և ի՞նչ շաքարավազով են կերակրում մեղուներին, մեղվապահներից մեկը զայրացած պատասխանել էր, թե տեղական շաքարավազը չի լուծվում ջրի մեջ, գույնը սևանում է, մեղուները չեն քաշում շաքարավազը, զզվում են, երբ բրազիլիական էին տալիս` նման խնդիր չկար: Դրանից հետո Ռոզա Ծառուկյանը սկսել է գովել բելառուսական` մաքուր ճակնդեղից  ստացված շաքարավազը `ասելով, որ իրենք հնարավորություն են ստեղծել հատուկ մեղվապահների համար այն նվազագույն ինքնարժեքով ձեռք բերել: «Թող շաքար բերողները չասեն, թե Ծառուկյանի  մայրը եկել է, շաքարի բիզնեսին է խփում, ես ձեր մասին եմ մտածում»,- նշել է տիկին Ծառուկյանը: Մեզ հաջողվեց ճշտել , որ Գագիկ Ծառուկյանը վերջերս Բելառուսից որոշ քանակությամբ շաքարավազ է ներկրել Հայաստան, հետևաբար շատ հավանական է, որ Ռոզա Ծառուկյանը փորձել է այդկերպ գովազդել իրենց ընտանեկան շաքարավազը: Այնուամենայնիվ, մենք զրուցեցինք անասնաբուծության և տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի հետ` հասկանալու համար, թե տվյալ դեպքում շաքարավազի տարբերությունը կարո՞ղ է ազդեցություն ունենալ մեղվաբուծության վրա: Նրա խոսքով, մեր շաքարավազի հումքը շաքարեղեգն է , իսկ բելառուսներն օգտագործում են ճակնդեղը: Ավելին`նա նկատեց, որ մեղվի համար այդ առումով տարբերություն չկա և հիմնավորեց. «Մեղուն ինքը գլյուկոզան վերցնում է, և իր համար տարբերություն չկա բելառուսակա՞ն է, թե տեղական»: