Անդրկովկասում երեք լուրջ ղեկավարներ կային, որոնք կարող էին վերահսկել երկրում տիրող իրավիճակը. այդ ղեկավարներն էին Հեյդար Ալիևը, Կարեն Դեմիրճյանը և Էդուարդ Շևարդնաձեն: Այս մասին vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախկին ղեկավար, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Էդուարդ Շևարդնաձեն:
Նրա խոսքով`Ադրբեջանի անկախությունը Հեյդար Ալիևի արժանիքն է: «Նա երկրի ղեկավարման հսկայական փորձ ուներ: Վայելում էր Մոսկվայի աջակցությունը, նրան սատարում էին քաղբյուրոյի մի քանի անդամներ: Ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանին դժվար էր անկախ մնալ: Դրան ավելացավ նաև Ղարաբաղի հարցը: Մենք երեքով սերտ համագործակցական հարաբերությունների մեջ էինք: Նայեք այս լուսանկարին: Եթե մենք երեքով կանգնած լինեինք երկրի իշխանության գլխին, ոչ մի հակասություն չէր առաջանա: Սակայն Դեմիրճյանը սպանվեց Ազգային Ժողովում ահաբեկիչներին կողմից: Շատ ցավում եմ: Եթե Դեմիրճյանը կենդանի լիներ, և Հեյդար Ալիևը մեզ հետ լիներ, Ղարաբաղի և Աբխազիայի հարցերը վաղուց իրենց լուծումները ստացած կլինեին»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը:
Շևարդնաձեի խոսքով, Հարավային Կովկասի հակամարտությունները կլուծվեն, եթե տարածաշրջանի բոլոր երեք երկրները Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվեն. «Մենք Ռուսաստանի պես հսկայական հարևան ունենք, որի հետ հարաբերություններն աստիճանաբար հարթվում են: Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել: Սա կարևոր հանգամանք է ղարաբաղյան հարցի կարգավորման համար: Նույնը կարելի է ասել և Աբխազիայի մասին: Ես հավատում եմ դրան»: