Home / Հայաստան / Քոչարյան և Սարգսյան. մղումները նույնն են, իրավիճակը` տարբեր. նամակ Փաշինյանից

Քոչարյան և Սարգսյան. մղումները նույնն են, իրավիճակը` տարբեր. նամակ Փաշինյանից

Ապրիլի 27-ին Epress.am լրատվական կայքը լրատվամիջոցների ակցիայի շրջանակներում 6 հարց էր ուղղել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Այս շաբաթվա ընթացքում Epress.am-ը հրապարակելու է Փաշինյանից ստացված պատասխանները:

Հարց.

Ժողովրդի մեջ, ինչպես նաև մամուլում, կարծիք կա, որ նախկին (2-րդ) և ներկա նախագահների վարած քաղաքականությունը տարբերվում է: Արդյո՞ք դա այդպես է: Եվ ինչ սկզբունքային տարբերություն եք տեսնում Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան անձերի միջև:

Պատասխան.

Բաղրամյան 26-ում հայտնվելով` Սերժ Սարգսյանը փորձեց վարել նույն քաղաքականությունը, ինչ Ռոբերտ Քոչարյանն էր վարում: Դա չստացվեց` հայտնի պատճառներով: Քոչարյանի վարած քաղաքականությունը հիմնված էր Հայաստանից արտագնա աշխատանքի արտաքսված հայաստանցիների ուղարկած տրանսֆերտների վրա, որոնց մի հսկայական մասը հայտնի մեխանիզմներով հոսում էին դեպի քրեաօլիգարիխիկ համակարգ: Այսպես գողացած միջոցներով իրականացվում էր ողջ պետական կառավարումը: Երկնիշ «տնտեսական աճեր» էին հայտարարվում, չնայած բոլորս գիտենք, որ գործ ունենք փուչիկի հետ:

Սերժ Սարգսյանը` հայտնի հանգամանքների բերումով, զրկվեց այս ոսկեբեր վտակից, զրկվեց «Հազարամյակի մարտահրավերներից», զրկվեց միջազգային դոնորների աջակցությունից: Այս կանխատեսելի իրավիճակը հաղթահարելուն էր ուղղված նաև ֆուտբոլային դիվանագիտությունը, որովհետև ակնհայտ էր, որ միայն այդօրինակ հուսահատ քայլերը կարող են արտաքին տնտեսական քաղաքական աջակցություն ապահովել քանդվող տնտեսության և ոչ լեգիտիմ իշխանության համար:

Ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո Սերժ Սարգսյանը կրկին առավել սուր է զգում արտաքին ֆինանսաքաղաքական աջակցության կարիքը, իսկ արտաքին ուժերը` նույն ֆուտբոլային դիվանագիտության տապալումից հետո, սկսել են նկատել Հայաստանի այն ներքաղաքական պրոբլեմները, որ հայ-թուրքական մեղրամիսի ժամանակ չէին նկատում:

Սա է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տարբերությունը: Մղումները նույնն են իրավիճակը` տարբեր: Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին քաղաքական ընդդիմադիր դաշտը ականապատված էր, իսկ այսօր կա ուժեղ ընդդիմություն, ականազերծված ընդդիմադիր դաշտ: Այսօր Հայաստանում նոր հանրություն կա, քաղաքացիական հզոր ինքնագիտակցություն: Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի միջև ոչ մի տարբերություն չկա, տարբերություն կա ՀՀ` 2006 և  2010թթ. քաղաքացիների միջև:

լուսանկարը` blansh.wordpress.com