Home / Հայաստան / «Աննախադեպ ցինիզմ». այսօր լրանում է Լևոն Գուլյանի մահվան 4-րդ տարելիցը

«Աննախադեպ ցինիզմ». այսօր լրանում է Լևոն Գուլյանի մահվան 4-րդ տարելիցը

Այսօր լրանում է Լևոն Գուլյանի մահվան 4-րդ տարելիցը, հիշեցնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

«Այդ կապակցությամբ երեկ մամուլի ասուլիս են տվել Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ ղեկավար Արման Դանիելյանը և տուժողի իրավահաջորդի  ներկայացուցիչ, փաստաբան Հրայր Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Գուլյանին պատկանող սրճարանում 2007 թ. մայիսի 9-ին տեղի էր ունեցել սպանություն: Մայիսի 10-ին Գուլյանը որպես վկա կանչվել էր հարցաքննության: Մինչև մայիսի 12-ը նրան անօրինական կերպով ազատազրկան մեջ են պահել ոստիկանական բաժանմունքում և խոշտանգել: Մայիսի 12-ին նրան տեղափոխել են ոստիկանության գլխավոր մասնաշենք, որտեղ էլ մի քանի ժամ հետո նա մահացել է`իբր փորձելով դուրս նետվել 2-րդ հարկից և փախուստի դիմել:

Ղուկասյանը նշել է, որ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները որոշումներ են ընդունել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, սակայն ոստիկանությունը 3 անգամ կարճել է գործը:

Վճռաբեկ դատարանը 2010 թ. օգոստոսի 27-ին բավարարեց տուժող կողմի բողոքը`պարտավորեցնելով Հատուկ քննչական ծառայությանը վերսկսել գործի քննությունըս: Գործի քննությունը վերսկսվել է վճռից 4 ամիս անց, իսկ 2011 թ, մարտի 21-ին այն կրկին կարճվել է` պատճառաբանելով հանցակազմի բացակայությունը:

Հրայր Ղուկասյանը նշել է, որ հատկապես վերջին կարճումը իր ցինիզմով գերազանցում է նախորդներին: Այս որոշումը նա գնահատել է որպես անհարգալից վերաբերմունք թե Գուլյանի հիշատակի, թե նրա ընտանիքի, թե դատական համակարգի նկատմամբ: Փաստաբանը նշել է, որ իրենք կրկին բողոքարկել են որոշումը: Նոր դատական նիստը տեղի կունենա վաղը` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանում»: