Էմմիի սխալների պատճառը միգուցե այն է, որ նա չափից ավելի շատ է լսում իր ծնողներին. երիտասարդությունն էդպիսին չպիտի լինի, նա ավելի չլսող պիտի լինի: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը` անդրադառնալով «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչում Էմմիի ելույթին: Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող երգչուհին մայիսի 10-ին չի կարողացել եզրափակիչ փուլում տեղ զբաղեցնել:
«Էմմիի երգը շատ ավելի լավն էր, քան նախորդ տարվա երգը: Եվա Ռիվասն ինչ էր, որ գնաց, նա մեզ համար ոչ մի բան էր»,- ասել է կոմպոզիտորը, ում լրացրել է ասուլիսի մեկ այլ մասնակից երգչուհի Շուշան Պետրոսյանը` նշելով. «արտասահմանյան ծամոնի պես մի բան էր»:
Շուշան Պետրոսյանը հայտարարել է, որ Էմմիին քննադատաբար մոտենալը դավաճանություն է, քանի որ նա շատ լավ է ելույթ ունեցել:
«Ես չեմ հասկանում` ինչպես կարելի է նման ձևով վերաբերվել, քննադատել ամենայն մանրամասնությամբ` հագուստ, սանրվածք և այլն: Աստված չանի` ձեզնից որևիցէ մեկը անցներ այն փորձությունների միջով, որ անցավ Էմմին: Մի պարտության պատճառով նման վերաբերմունքը դավաճանություն ա ուղղակի: Քսաներկու տարեկան աղջիկ ա (Էմմին ծնվել է 1984 թվականի ապրիլի 12-ին – Epress.am), ի՞նչ եք ուզում, ժողովուրդ»,- հայտարարել է Պետրոսյանը և հավելել, որ առաջին անգամ ինքն իր ափերից դուրս է եկել. «Ջղայնացա, գիտեք, իրոք բարկացա»:
Պետրոսյանը նշել է, որ ի սկզբանե Էմմիին հորդորել է չգնալ.
«Ասացի` մի գնա, սիրված երգչուհի ես, քեզ պետք ա՞»:
Նա հավելել է, որ արդեն իսկ շնորհավորել է Էմմիին ելույթի կապակցությամբ, և նշել, որ Էմմիի կատարման ժամանակ թերությունը եղել է բեքվոկալինը (երգչուհի Արփի – Epress.am):
Երզնկյանն էլ անհասկանալի է համարել, թե ինչպես կարող է մեկ ելույթից հետո մարդկանց վերաբերմունքը երգչուհու նկտամամբ կտրուկ փոխվել: