ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է ՀՀ պետական սահմանում սահմանային ռեժիմը, պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցությունը պետական սահմանով իրականացնելու նպատակով` ՀՀ պետական սահմանի անցման կետերը, սահմանանշանների ձևերը, տեղադրման կարգը և նկարագիրը, պետական սահմանի խնամքի կանոնները, անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի` պետական սահմանով բացթողնման կանոնները։
Այդ կապակցությամբ վարչապետն առաջարկել է ընդունել նաև արձանագրային որոշում:
«Մենք մեր քաղաքացիներից շարունակում ենք ստանալ բողոքներ, որ սահմանը հատելիս բավական երկար ժամանակ են ծախսում բոլոր ընթացակարգերի վրա, այժմ ավելացել է նաև պարտադիր ապահովագրության խնդիրը, հերթեր են առաջանում: Մենք նաև դիմել ենք Կենտրոնական բանկին, խնդրելով, որ այս հարցը քննարկվի։ Այնտեղ անցկացվել է խորհրդակցություն ապահովագրական ընկերությունների հետ, որոնք պատրաստ են այդ ծառայությունները մատուցել սահմանակետերում` իրենց տրամադրված տարածքներում։ Եթե նրանք ունեն այդ պատրաստակամությունը, ապա արձանագրային որոշմամբ հանձնարարականներ տանք մեր երեք մարզպետներին, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի հնարավորին չափ սեղմ ժամկետում հատկացնեն այդ տարածքները` համագործակցելով Կենտրոնական բանկի հետ, հրավիրելով ապահովագրական ընկերություններին, որպեսզի նրանք այդ տարածքներում ի վիճակի լինեն այս ծառայությունները մատուցել, և մենք հերթերից հնարավորին չափ սեղմ ժամկետում ձերբազատվենք»,- ասել է Տիգրան Սարգսյանը։