Կեղծ դրամների իրացման համար Կրասնոյարսկում ձերբակալված Հայաստանի երկու քաղաքացիներին 8 տարվա ազատազրկում է սպասվում:
Հայաստանցիները Կրասնոյարսկ էին բնակվում 2010 թվականից: Նույն տարվա հոկտեմբերին նրանցից մեկը մյուսին կեղծված 1000 ռուբլիանոցների տրցակ է ցույց տվել, սակայն չի ասել, թե ումից է ստացել կեղծված դրամները: Որոշ ժամանակ անց տղամարդն իր ընկերոջից 5 հատ կեղծ թղթադրամ է վերցրել և գնացել մոտակա խանութ, որտեղից այդ գումարով գինի է գնել:
Խանութի մյուս բաժնում տղամարդը վաճառողից միրգ է խնդրել և ևս մեկ 1000 ռուբլիանոց է առաջարկել: Նման գործողությունները կնոջը կասկածելի են թվացել, նա նկատել էր, որ խմիչքների բաժնում գնումներ իրականացնելիս նա մանր էր վերցրել, որը նրան կբավականացներ մրգեր գնելու համար: Վաճառողուհին սկսել է զննել թղթադրամը և իր կասկածներն է հայտնել դրամի իսկության վերաբերյալ: Տղամարդը շարունակել է պնդել, որ դրամներն իսկական են և իր «անմեղությունն» ապացուցելու համար ևս մի քանի կեղծված ռուբլիներ է ցույց տվել:
Այնուամենայնիվ, վաճառողուհին սեղմել է տագնապի կոճակը և ոստիկանություն կանչել, սակայն տղամարդուն հաջողվել է փախուստի դիմել: Մի քանի օր անց նա, կարծելով, թե նախկին միջադեպն արդեն մոռացության է մատնվել կրկին վերադարձել է նույն խանութ, որտեղ էլ ձերբակալվել է: Շուտով բերման են ենթարկել նաև նրա գործընկերոջը: