Այսօր ՀՀ կառավարության նիստում հնչեցրած իր խոսքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վարկային ծրագրերի կառավարմանը` նշելով, որ հարկավոր է լուծել այդ ոլորտի խնդիրները:
«Մասնավորապես, Համաշխարհային բանկից, երբ մենք ստանում ենք վարկեր և այդ վարկերով ձեռք ենք բերում սարքավորումներ կամ ծառայություններ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հանձնաժողովներն աշխատում են շատ ֆորմալ և բովանդակության համար բացարձակապես պատասխանատվություն չեն կրում: Միայն ինտերնետային կայքերից օգտվելով պարզվում է, որ նմանատիպ սարքավորումներ կարելի է ձեռք բերել առնվազն 2 անգամ ավելի էժան, և եթե մեր հանձնաժողովի նախագահները մասնագետներ են, իսկ դա այդպես է, հանձնաժողովները ձևավորվում են այդ սկզբունքով, որ նրանք ոչ միայն ընթացակարգերը պետք է պահպանեն, այլև նրանք մասնագետ են և բովանդակությունն էլ հասկանում են, ապա այդ մասնագետներն իրավունք չունեն այդպիսի մրցույթի արդյունքները բերել մեր հաստատմանն այն պարզ պատճառաբանությամբ, որ այդ ծառայությունը կամ այդ ապրանքը շատ թանկ է մեզ առաջարկվում, նամանավանդ որ մենք դա ձեռք ենք բերում վարկային միջոցների հաշվին: Եզրակացությունը հետևյալն է. մենք պետք է փոխենք մեր մոտեցումն այս հարցում, և հանձնաժողովները պետք է պատասխանատվություն կրեն նաև մրցույթի բովանդակության համար», – ասել է Սարգսյանը։
Այդ առնչությամբ վարչապետը հանձնարարական է տվել կառավարության աշխատակազմին` հրատապ ձևով ներկայացնել կառավարությանը բոլոր այն փաստաթղթերը, որտեղ պետք է կատարել փոփոխություն և հանձնաժողովների վրա դնել նաև բովանդակության համար պատասխանատվության խնդիրը։
«Ըստ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների` գոյություն ունի նաև երկրորդ խնդիրը։ Մենք ձեռք ենք բերում ձեզ հետ միասին վարկային միջոցների հաշվին ոչ միայն սարքավորումներ, այլ նաև ծառայություններ, մասնավորապես, գալիս են փորձագետներ մեր պահանջներին համապատասխան, գրում են հաշվետվություններ, տալիս են խորհուրդներ, պատրաստում են օրենքի նախագծեր, նորմատիվ ակտերի նախագծեր։ Եվ փորձն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ փաստաթղթերի կիրառությունն ապագայում, մեղմ ասած, ոչ պատշաճ մակարդակի վրա է գտնվում։ Ես կարծում եմ, հարգելի գործընկերներ, որ մենք այսօրվանից ձեզ հետ միասին պետք է հրաժարվենք վարկային միջոցների հաշվին տեխնիկական օժանդակություն ստանալուց։ Եվ տրվում է հանձնարարական բոլոր նախարարություններին` վերանայել իրենց վարկային ծրագրերը Համաշխարհային բանկի հետ, որտեղ կան տեխնիկական այդպիսի օժանդակության խնդրանքներ, ուղղակի հանել ծրագրերից։ Մեր նախարարություններն ունեն բավարար ինտելեկտուալ կարողություններ, որպեսզի ինքնուրույնաբար վերլուծություններ իրականացնեն բոլոր բնագավառներում և համաշխարհային փորձը կարողանան ուսումնասիրել, Հայաստանում ստեղծված իրավիճակը կարող են նկարագրել, և իրենք կարող են ներկայացնել մասնագիտական եզրակացություններ և հաշվետվություններ։ Մասնագիտական եզրակացությունների և հաշվետվությունների համար վարկային միջոցների ծախսերը մենք ձեզ հետ միասին պետք է բացառենք։ Միայն բացառիկ դեպքերում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարկերի հաշվին պետք է ծառայություններ ձեռք բերի», – նշել է վարչապետ։