Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչին մասնակցած 15 հանդիսականներ աչքի ցանցաթաղանթի այրվածքով տեղափոխվել են հիվանդանոց, ինչը, ինչպես պարզվել է ավելի ուշ, դահլիճում տեղադրված լուսարձակների հետևանք է, հաղորդում է novostink.ru-ն:
Գերմանիայի ոստիկանությունը փորձում է պարզել, թե ով է որոշել լուսային սարքավորումներ տեղադրել: Համերգի կազմակերպիչները նաև հանդիսատեսի ներողամտությունն են հայցում առաջին կիսաեզրափակչի ձայնային անսարքությունների համար: Բանն այն է, որ խոսափողներն ավելի վաղ էին անջատվում, քան խոսողները հասցնում էին ինչ-որ բան ասել:
Նշենք, որ սա մրցույթի կազմակերպիչների արդեն երկրորդ թերացումն է: Ի սկզբանե անգլերեն բուկլետներում ավելի քան 150 սխալ էր հայտնաբերվել, ինչի արդյունքում կազմակերպիչները ստիպված էին եղել նորերը տպել: Դեռևս ապրիլին Դյուսելդորֆի զբոսաշրջային կենտրոնը 100 հազար օրինակ բուկլետ հետ էր վերադարձրել, որտեղ «դպրոցական օրեր» («Schulentage») արտահայտության փոխարեն գրված էր եղել «Schwulentage»` «Հոմոսեքսուալիստների օրեր»: