Մի շարք ապրանքային շուկաներում սկսված ուսումնասիրությունների ընթացքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ի թիվս շատ այլ ընկերությունների, տեղեկատվություն է պահանջել «Ալեքս Գրիգ» ընկերությունից, որը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին:
Պահանջված տեղեկատվությունը մինչ օրս Հանձնաժողովին չի տրամադրվել, ինչն օրենքի խախտում է: «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցիչն այսօր Հանձնաժողովի նիստի ընթացքում ընդունեց օրենքի խախտման փաստը և նշեց, որ ընկերությունը պարտավորվում է ներկայացնելու պահանջվող փաստաթղթերը, հայտնում է ՏՄՊՊՀ-ի լրատվական ծառայությունը:
Տեղեկատվությունը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում չներկայացնելու համար «Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվեց 500 հազար դրամով, ինչն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխություններով, որը համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո կմտնի ուժի մեջ, նման դեպքում կիրառվող տուգանքի չափը կազմում է մինչև 5 միլիոն դրամ:
Լուսանկարը` aravot.am կայքից