Home / Հայաստան / Քոչարյանը նեղացած է Սերժ Սարգսյանին և նրա շրջապատից. Արամ Սարգսյան

Քոչարյանը նեղացած է Սերժ Սարգսյանին և նրա շրջապատից. Արամ Սարգսյան

ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում խոսում է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների մասին:

– Կարծում եք նա մտավախություն ունի, որ Սերժ Սարգսյանը նաև իրե՞ն կարող է արդարադատությանը հանձնել`միջազգային հանրությանը բավարարելու համար:

– Կա մարդկային մի տեսակ, որի հոգեբանության մեջ նստած է իր նախորրդին կամ հաջորդին փնովել: Ռոբերտ Քոչարյանն այդպիսին է, ու նա դեռ կռիվ է տալիս: Իր նախորդի վերաբերյալ այս հարցազրույցում էլ այդ կարգի ազդակներ կան: Խոսում է ՀՀՇ-ի մասին: Եթե ինքը գիտեր, որ ՀՀՇ-ն մի կառույց էր, որը «սպանում էր անցանկալի ընդդիմադիրներին», թող ՀՀՇ-ի առաջարկությամբ չգար երկրի վարչապետ դառնար, առավել ևս նրանց հետ աշխատեր: Իսկ եթե նման բան կար, ու ինքը տեղյակ է եղել`ուրեմն ինքն էլ հանցակից է եղել դրան, ու այդ կարգի խոսակցությունն ընդհանրապես և ՀՀ նախագահ եղած մարդուն պատիվ չի բերում: Ես չեմ զարմանա, եթե նա մի քանի տարի հետո նա «հոկտեմբերի 27»-ի մասով էլ իր չարագործությունից սկսի ինչ որ բան ասել, հարցազրույցներ տալ, ինչպես այսօր ասում է ՀՀՇ-ի մասին: Ինքն էդպիսին է`հենց ոտքը տրորում են, միայն այդ ժամանակ է սկսում բաներ հիշել ու ասել: Կարծում եմ`Քոչարյանը դեռ պատասխան ունի տալու ոչ միայն «Մարտի 1»-ը հրահրելու ու 10 մարդու սպանության հրաման տալու համար, և իմ խորին համոզմամբ, նա այդ պատասխանները դատարանում պիտի տա:

-Այնուամենայնիվ, կարծում եք, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանին արդարությանը կհանձնի՞: Կլինե՞ն առաջադրված քրեական մեղադրանքներ, թե ամեն ինչ սոսկ բարոյական հարթությունում կլուծվի և կավարտվի միայն փոխադարձ հաթաթաներով և զսպումներով:

-Կարծում եմ` Քոչարյանը լրջորեն նեղացած է ոչ միայն այսօրվա նախագահից, այլև այդ թիմից: Նա մտածում է, որ այն ամենը, ինչ ինքն արել է նրանց համար, որի հետևանքով այդ մարդիկ իշխանության են`պարտական են իրեն, իսկ ինքը համապատասխան վերաբերմունքը չի ստանում: Ի դեպ, ես էլ եմ այդպես մտածում, որովհետև այդ մարդիկ քվեներ չեն ունեցել, և իրենք պարտական են այն բիրտ ուժին, որր արդյունքում իշխանության են եկել: Իսկ սովորաբար ում պարտական են լինում`ժամանակի մեջ փորձում են նրան պարտական լինելուց ազատվել: Իշխանությունն էլ հիմա այդ մարդուն կամ պիտի սահմանների մեջ դնի, կամ ցույց տա, որ նա հեչ հրեշտակ չի: Ու եթե Սերժ Սարգսյանը Քոչարյանին նրա տեղը ցույց տա` դա միանշանակորեն արդարացված կլինի:

-Այսինքն`Սերժ Սարգսյանը կբավարարվի Քոչարյանի պատասխանատվության հարցը դնել միայն բարոյական դաշտում, և բանը քրեական պատասխանատվության չի հասցնի`գոնե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք:

-Այո, դա այդպես է: Ես, ճանաչելով նաև Սերժ Սարգսյանին`ոչ միայն որպես քաղաքական գործիչ , այլև անհատ , դա քիչ հավանական են համարում:

-Իսկ նրա շրջապատի հավատարիմ մարդի՞կ:

-Քոչարյանը երբեք իրեն հավատարիմ մարդիկ չի ունեցել, ուստի`Սերժ Սարգսյանին պետք չէ այդ բուրգում եղած մարդկանց պատժել: Ուղղակի պետք է այդ բուրգում համապատասխան մարդկանց իրենց տեղը ցույց տալ, ու Ռոբերտ Քոչարյանը կմնա «մերկ» : Ինքն առանց այն էլ մերկ է:

– Այնուամենայնիվ, Քոչարյանի քաղաքական ակտիվացման համար նախադրյալներ կա՞ն:

– Ուղղակի բացառում եմ: «Հոկտեմբերի 27»-ը դեռ չի մոռացվել, իսկ 2008 –ի մարտի 1-ին Քոչարյանը կրակեց իր քաղաքական կարիերայի ու ապագայի վրա: Նա քաղաքականության մեջ որպես գործոն այլևս գոյություն չունի: