Վաղը` ժամը 18:00-ին, «Միկա» սպորտային համալիրում տեղի կունենա 5-րդ IT CUP ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ խաղը Beeline և Questrade/Epress.am թիմերի միջև:
Նույն օրը, ժամը 17:00-ին դրան կնախորդի երրորդ տեղի համար խաղը, որտեղ կմրցեն Synopsys SEG և Mentor Graphics թիմերը:
Խաղի ավարտին գավաթներ և մեդալներ կստանան առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված թիմերը, հաղորդում է մրցաշարի կազմկոմիտեն:
Մրցանակներ են սահմանված լավագույն խաղացողի, պաշտպանի, դարպասապահի, ռմբարկուի և անփոխարինելի խաղացողի համար: Առաջին երեք անվանակարգում հաղթողներն ընտրվել են բոլոր թիմերի կողմից նախապես կատարված ընտրության արդյունքում: Այսօրվա դրությամբ լավագույն ռմբարկուների տասնյակը գլխավորում է Questrade/Epress.am թիմի խաղացող Դավիթ Նազարյանը, ով 28 գոլի հեղինակ է և մրցակիցներից առաջ է 10 գոլով:
Արդեն 5-րդ անգամ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների միջև անցկացվող IT CUP ֆուտզալի մրցաշարն այս տարիների ընթացքում ընդլայնել է մասնակից թիմերի քանակը` 16-ից հասնելով 28-ի: Այս տարի մասնակիցների շարքում էին նաև հեռահաղորդակցության և լրատվական ընկերությունների ՏՏ ստորաբաժանումների թիմեր:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել IT CUP 2011 ֆուտզալի առաջնության կայք` http://itcup.netne.net/: