ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում կարծիք է հայտնել ՀՀ Ազգային Ժողովում այս շաբաթ ընդունված նոր` Ընտանիքի օրվա օրենսդարական նախաձեռնության, հայկական ընտանիքի էության և դրա, ինչպես Աբրահամյանն է նշել, իսկապես սրբություն լինելու մասին:
«Ինչպես գիտեք, անցյալ շաբաթ Ազգային ժողովը հավանություն տվեց իմ և իմ գործընկերների օրենսդրական նախաձեռնությանը, որով մայիսի 15-ը մեր երկրում պաշտոնապես ընդունվեց որպես Ընտանիքի օր: Ես ուզում եմ, որ այս տոնը լինի ոչ թե պաշտոնական, այլ ջերմ, ընտանեկան և ընդգծի հավերժական արժեքները՝ սերն ու հավատարմությունը: Ընտանիքը հայի համար իսկապես սրբություն է, որն իր մեջ խտացնում է սեր, հավատարմություն, վստահություն, միասնություն ու հարգանք, արժանապատվություն ու համերաշխություն»,- գրում է Աբրահամյանը:
Նա հայտարարում է, որ ընտանիքն ազգի զարգացման կարևորագույն նախապայմաններից է և հիշեցնում Մուրացանի հետևյալ միտքը. «Ազգերի զորությունը ընտանիքի մեջ է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիք»:
«Ես մաղթում եմ, որ հայկական ընտանիքները լինեն ուժեղ, իսկապես զորավոր՝ հիմնված սիրո, համերաշխության ու հանդուրժողականության վրա, որ յուրաքանչյուրս հոգատար և ուշադիր լինի հարազատների և ընդհանրապես մեկս մյուսի նկատմամբ, ու ոչ միայն տոնից տոն:
Յուրաքանչյուր ընտանիք նաև հասարակության հայելին է: Եվ բոլորս պարտավոր ենք նպաստել մեր հայ ընտանիքների բարեկեցությանը, որովհետև բարեկեցիկ ընտանիքը տվյալ երկրի կայացման և զարգացման երաշխիքն է: Վստահ եմ, որ օր օրի մեր պետությունն ավելի մեծ հնարավորություններ է ունենալու և ավելի մեծ աջակցություն է ցուցաբերելու հայ մարդուն, հայ ընտանիքին: Շնորհավորում եմ և բոլորիս մաղթում ընտանեկան երջանկություն, խաղաղություն, ներդաշնակություն, բարեկեցություն և լավատեսություն», – ասել է Աբրահամյանը: