Մի խումբ քաղաքացիներ և ճարտարապետներ, Քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքից և մամուլից տեղեկանալով, որ նախատեսվում է Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ Կառավարական թիվ 1 շենքի համար կառուցել վեր խոյացող աշտարակ, հայտնում են իրենց անհամաձայնությունը նշված գաղափարին ու կոչ անում ՀՀ Կառավարությանը դադարեցնել նշված ուղղությամբ սկսված աշխատանքները։
Այս մասին հայտարարություն է տարածել «Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնությունը:
Վերջիններս գտնում են, որ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից ի սկզբանե նախատեսված աշտարակի իրականացումը ժամանակավրեպ է և անտեղի և բացատրում են, թե ինչու.
«1. Նախագիծն իրենից ներկայացնում է թամանյանական գաղափարի փոփոխված տարբերակը, իսկ Երևանը տեսել է թամանյանական գաղափարների «արդիականացման» տապալված օրինակներ՝ հանձինս գրեթե անմարդաբնակ Հյուսիսային պողոտայի,
2. Անթույլատրելի է պետական պաշտոնյաների աշխատասենյակներում փակ ու անհասականալի պայմաններում մշակել Հանրապետության գլխավոր հրապարակում իրականացվող քաղաքաշինական նման խոշորածավալ և կարևոր միջամտություն, ավելին` նրանց թույլատրել զբաղվել դրա նախագծմամբ,
3. Ըստ ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքի, նման քաղաքաշինական խոշոր ծրագրի իրականացումից առաջ պետք է իրականացվեն պատշաճ հանրային, ինչպես նաև մասնագիտական քննարկումներ, ինչը տվյալ դեպքում չի կատարվել,
4. Հանրապետության հրապարակի համալիրը այսօր էականորեն տարբերվում է Թամանյանի կողմից նախագծված հրապարակից, այդ իսկ պատճառով նախատեսվող աշտարակի կառուցումը խաթարելու է հրապարակի առկա համընդհանուր տարածական լուծումը,
5. Ժողովրդավարական հասարակության արդի ընկալումների համատեքստում աննպատակահարմար է պետական կառավարչական շենքերի շեշտումն ու մոնումենտալացումը
6. Երևան քաղաքի առանց այն էլ ծանրաբեռնված կենտրոնը չի կարելի ծանրաբեռնել նոր վարչական շենքերի կառուցմամբ, ավելին՝ այն պետք է ազատել կառույցներից` զարգացնելով քաղաքի թերզարգացած ծայրամասերը:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը դադարեցնել նշված ուղղությամբ սկսված աշխատանքները, որից հետո սկսել քննարկումներ նշված խնդիր շուրջ։ Պատրաստակամ ենք մեր ակտիվ մասնակցությունը բերել ցանկացած ձևաչափի և ընդգրկման բաց ու թափանցիկ գործընթացի։
Վստահ ենք, որ ՀՀ Կառավարությունը կկատարի շոշափելի քայլեր այս ուղղությամբ` բացառելու այս քաղաքաշինական սխալ ու հապճեպ որոշման իրականացումը»:
Նշենք, որ հայտարարության տակ նաև նշված են նախաձեռնողների անուններն ու հեռախոսահամարները`
Մանե Թամանյան՝ 091-400491,
Անի Վերյանյան՝ 091-310336,
Սևադա Պետրոսյան՝ 093-244620,
Սարհատ Պետրոսյան՝ 093-776655