Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում մայիսի 14-ին և 15-ին կայացան 9-րդ տուրի հանդիպումները, որոնք անցան հետաքրքիր և համառ պայքարում: Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Կապանում, որտեղ տեղի «Գանձասարն» ընդունել էր վերջին 10 տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկին»:
Առանց պարտությունների ընթացող կապանցիներն այս անգամ չկարողացան դիմակայել մրցակցին: Հանդիպման ելքը վճռեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները. 26-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը, առաջին խաղակեսի ավելացված րոպեին` Մարկոսը, իսկ հանդիպման վերջին րոպեին հյուրերի հաղթանակն ամրապնդեց Էդգար Մանուչարյանը: Դաշտի տերերի կազմում աչքի ընկավ նախկին «փյունիկցի», հայկական ֆուտբոլի վետերան Արսեն Ավետիսյանը: Հաղթանակը հնարավորություն տվեց «Փյունիկին» շրջանցել կապանցիներին և ամրապնդվել երկրորդ տեղում:
Հայաստանի առաջնության առաջատարը` «Ուլիսը», 1:0 հաշվով պարտության մատնեց «Բանանցին»: Միակ գոլի հեղինակ դարձավ Արտակ Գրիգորյանը:
9-րդ տուրից հետո կրկին ուրվագծվեց երկբևեռ մրցաշարային աղյուսակը, որտեղ երկու բևեռներն անհավասար են բաշխվել: Առաջին հինգ թիմերը` «Ուլիսը», «Փյունիկը», «Գանձասարը», «Միկան» և «Իմպուլսն» պոկվել են վերջիրն եռյակից, որի կազմում են «Շիրակը», «Բանանցը», «Արարատը»:
Մրցաշարային աղյուսակ.
Ուլիս 9 խաղ, 20 միավոր
Փյունիկ 9, 17
Գանձասար 9, 16
Միկա 9, 14
Իմպուլս 9, 14
Շիրակ 9, 9
Բանանց 9, 6
Արարատ 9, 2
9-րդ տուրի տեխնիկական արդյունքներ.
Մայիս 15
«Ուլիս»-«Բանանց» 1:0 (0:0)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլը` Արտակ Գրիգորյան, 71
«Իմպուլս»-«Շիրակ» 2:1 (1:0)
Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլերը` Հովհաննես Գոհարյան, 39, 58 («Իմպուլս»), Մկրտիչ Նալբանդյան, 64 («Շիրակ»)
«Գանձասար»-«Փյունիկ» 1:3 (1:2)
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլերը` Արսեն Ավետիսյան, 37 («Գանձասար»), Գևորգ Ղազարյան, 26, Մարկոս Պիզելի, 45+1, Էդգար Մանուչարյան, 90 («Փյունիկ»)
Մայիս 14
«Միկա»-«Արարատ» 2:1 (1:0)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլերը` Նարեկ Բեգլարյան, 30, Ռաֆայել Ղազարյան, 88 («Միկա»), Արա Հակոբյան, 90+1 («Արարատ»)