Խորհրդային Միության փլուզման 20-ամյակին նվիրված «Մոսկովսկիե Նովոստի» , «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» և «Ռիա Նովոստի» պարբերականների համատեղ նախաձեռնության շրջանակներում լրագրողները դիմել են այն երկրների ղեկավարներին, որոնք ժամանակին եղել են Խորհրդային միության կազմում: Այս անգամ լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
– Առանց ակնհայտ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման հնարավո՞ր է արդյոք լիարժեք տնտեսական աճ գրանցել:
– Գիտեք, այս հարցը ուղիղ և միանշանակ պատասխան, ինչպիսին է «այո, աճը հնարավոր է» կամ, «ոչ, աճն անհնար է», չունի; Քանի որ, եթե պատասխանեմ «ոչ», այդ դեպքում հարց կառաջանա` մենք ինչպե՞ս ենք զարգանում 20 տարիների ընթացքում: Իսկ եթե ասեմ «այո», այդ դեպքում, ինչո՞ւ ենք նման տեմպերով զարգանում: Իհարկե, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մենք սովամահ չենք լինի: Սակայն վերադառնամ նրան, ինչի մասին բազմիցս ասել եմ. մենք տնտեսական կողմը չենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական դրդապատճառ: Ինչպես ասում էր Նապոլեոնը, «Երկրի աշխարհագրությունն է ձևավորում նրա պատմությունը»: Աշխարհագրությունը դատավճիռ է, ճակատագիր:
Մենք ապրում ենք այստեղ և պետք է գոնե ինչ-որ հարաբերություններ ունենաք հարևանների հետ: Իհարկե, ոչ ամեն գնով: Ոչ մի դեպքում: Երբ մենք Թուրքիայի հետ սկսեցինք հարաբերությունների կարգավորման գործընթացը, շատ հակառակորդներ խոսում էին այն մասին, որ այն խոչընդոտելու է ամբողջ աշխարհում Ցեղասպանության ճանաչմանը: Այդ կանխատեսումները, փառք Աստծո, չարդարացան: Ցեղասպանության փաստը անվիճելի փաստ է, և մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի Թուրքիան վերջապես ճանաչի Ցեղասպանությունը: Սա արդարության, անվտանգության համար մղվող պայքար է:
Համերաշխությունը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Սխալվում են նրանք, ովքեր Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը փորձում են մեկնաբանել որպես հաշտություն: Իսկական հաշտություն կարող է լինել միայն ապաշխարանքից հետո: