Հայաստանը չի կարող դիտարկել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորության հարցը: Նման հնարավորություն կարող է առաջանալ միայն ռազամական գործողությունների դեպքում: Այս մասին «Մոսկովսկիե Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Անընդհատ մեկ այլ, ավելի ուղիղ հարցադրում են անում. «Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Որովհետև մենք բանակցություններ ենք վարում, իսկ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնշանակի դրանց տապալում: Ամեն դեպքում ավելի լավ է բանակցությունները շարունակելը»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանելով 20 տարվա անկախության ընթացքում Հայաստանի ձեռքբերումների մասին հարցը` նախագահն ընդգծել է, որ ամենամեծ ձեռքբերումը երկրում կայունության պահպանումն է:
«Չէ որ ծանր ժամանակներ էին: Ռելսերի վրա դրված պլանային տնտեսությունը շուկայականի փոխակերպելու խնդիրներին զուգահեռ` մենք պետք է ապահովեինք բնակչության անվտանգությունը: Ադրբեջանը պատերազմ հրահրեց, Թուրքիան աներկբայորեն սատարում էր Ադրբեջանին, Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր ընթանում, այս պայմաններում չափազանց դժվար էր ժողովրդին անգամ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելը: Մենք լուրջ խնդիրներ ունեինք կապված էլեկտրաէներգիայի մատակարարման հետ: Եվ այս ամենը` աղետալի երկրաշարժի հետևանքների ֆոնի վրա, երբ հարյուր հազարավոր մարդիկ առանց տանիք մնացին: Փախստականների ֆոնի վրա, չէ որ այդ շրջանում փոքրիկ Հայաստան եկան մոտ 500 հազար մարդիկ, մարդիկ, ովքեր փախչել էին ոչնչացումից: Փախել էին` ողջ ունեցվածքը թողնելով լքված տներում: Ամենամեծ ձեռքբերումը կայունության ապահովումն է:
«Առաջնորդները միշտ էլ իրենց նախորդներին քննադատելու գայթակղություն են ունենում: Ինչպես ասում են, «ամեն մեկն իրեն ստրատեգ է երևակայում` ճակատամարտին կողքից նայելով»: Ես երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնեցի 2008-ին, և առաջին իսկ օրվանից խուսափել եմ նման մոտեցումից: Նախորդներին քննադատել նշանակում է սեփական ուսերին դրված պատասխանատվության բեռն ուրիշի վրա բարդել: Սա սխալ է: Ես շնորհակալ եմ և իմ նախորդներին և բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ լավ բան են արել Հայաստանի համար»,- ասել է Սերժ Սարգսյանը: