Այսօր ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, հարձակվել է «Հրապարակ» թերթի թղթակցի` Մարինե Խառատյանի վրա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է ինքը՝ լրագրողը:
«Ես ԱԺ միջանցքում, հանդիպելով պատգամավոր Սաշիկ Սարգսյանին, մոտեցել ու հարցրել եմ, թե պատրաստվո՞ւմ է արդյոք նա առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Սաշիկ Սարգսյանը կատաղած խլել է ձայնագրիչս ու ասել. «Ի՞նչ իրավունք ունես ինձ հարց տաս»», – ասել է Խառատյանը:
Նրա խոսքով՝ երբ ինքը փորձել է Սարգսյանին բացատրել, որ ԱԺ-ում հնարավոր է նաև հարցեր տալ պատգամավորներին, վերջինս սկսել է տարաբնույթ հայհոյանքներ տեղալ: Այդ դեպքին ականատես ԱԺ աշխատակիցներից մեկը կարողացել է հետ պահել Սաշիկ Սարգսյանին: Այդտեղ է եղել նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով, Խառատյանի պատմելով, անգամ չի փորձել սաստել լրագրողի վրա հարձակված իր խմբակցության անդամին:
Սաշիկ Սարգսյանը Մարինե Խառատյանին անվանել է լկտի: Լրագրողը ձայնագրել է հայհոյանքների վերջին հատվածը և ներկայացրել իր ձայնագրության վերծանումը.
«Ես ընդամենը հարց եմ տալիս ձեր քաղաքական ապագայի առթիվ, չեք ուզում, մի պատասխանեք, լկտին ո՞րն ա»: «Քեզի է՞ս էր պետք, ստացել ես, դե ռադտ քաշի գնա»: «Ձեզ կոռեկտ պահեք, դուք իրավունք չունեք լրագրողի հետ էդպես խոսել»: «Չի երեւում, որ ուղարկել են էս շանը, որ …»: «Շունը ինքներդ եք»:
Խառատյանի խոսքով՝ դրանից հետո Սաշիկ Սարգսյանը սկսել է հայհոյել իրեն:
«Հրապարակ» օրաթերթը իր կայքում նշել է, որ պատրաստվում է Սաշիկ Սարգսյանի հայհոյանքների ձանագրությունն ուղարկել նախագահական նստավայր, որ «Սերժ Սարգսյանն անձամբ լսի, թե ինչի և ում հետ են ստիպված առնչվել լրագրողները և ինչպես է իրեն պահում ՀՀ նախագահի եղբայրը»:
Լուսանկարը՝ hraparak.am