Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված «Մադրիդյան սկզբունքները» ենթադրում են հարցի լուծում 3 սկզբունքների հիման վրա` ուժի չկիրառման կամ ուժի միջոցով չսպառնալու, տարածքային ամբողջականության սկզբունք և ազգերի ինքնորոշման իրավունք:
Այս մասին «Մոսկովսկիե Նովոստի» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք շատ հստակ հասկանում ենք`ինչ են նշանակում այս սկզբունքները: Երկար մտորումների արդյունքում ադրբեջանցիները նույնպես ասացին «այո», սակայն, չգիտես ինչու, նրանք այդ սկզբունքները յուրովի են ընկալում: Մինչ այս պահը Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր հարթություններում անընդհատ սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները: Սա առաջին սկզբունքի խախտում է: Տարածքային ամբողջականության սկզբունքը հասկանալի է և մեզ, և նրանց, թեև տպավորություն է ստեղծվում, որ նրանք դա բացարձակ դոգմայի են վերածել միջազգային իրավունքի համատեքստից դուրս: Իսկ ինքնորոշման իրավունքը նրանք հասկանում են միայն որպես ինքնորոշում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նման ինքնորոշում չի լինում: Դա կիսատ, պրիմիտիվ ինքնորոշում է: Այդ իսկ պատճառով, մինչև Ադրբեջանը չհասկանա այս սկզբունքի իմաստը, շատ դժվար կլինի հարցի լուծման ուղղությամբ գնալ: Ղարաբաղն իր անկախության իրավունքը պաշտպանել է արյունոտ և դաժան պատերազմում, ծանր պայմաններում և շատ միամիտ է կարծել, որ ղարաբաղցիները կարող են հրաժարվել այն ամենից ինչին հասել են, ինչ ձեռք են բերել:
Տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի այս սկզբունքները թույլ տվեցին թե’ Հայաստանին, թե’ Ադրբեջանին անկախություն ձեռք բերել: Այդ ինչպես է, որ մի դեպքում այդ սկզբունքներն ընդունելի են, իսկ մեկ այլ պարագայում այլ կերպ են ընկալվում: Դա տրամաբանական է: Տարածքային ամբողջականության սկզբունքը չի ենթադրում սահմանների անսասանություն, հակառակ դեպքում աշխարհում նոր պետություններ չէին ստեղծվի, իսկ վերջին 20-30 տարիների ընթացքում աշխարհի քարտեզի վրա տասնյակ նոր պետություններ առաջացան», – ասել է Սարգսյանը: