Չնայած խորհրդարանական ընտրություններին, 2010 թվականը իրադարձությունների տեսանկյունից ձանձրալի տարի էր Ադրբեջանի համար: Այս մասին մայիսի 17-ին «Կովկաս-2010» կոնֆերանսի ընթացքում պատմել է Բաքվի «Զերկալո» պարբերականի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը:
Նրա խոսքով` անցած ընտրությունները տարածաշրջանում ամենաձանձրալին էին, քանի որ, «ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, Ադրբեջանում ընդդիմությունը ոչնչացված է»:
«Կան կուսակցություններ, ընդդիմադիր գործիչներ, նրանք մի քանի թերթերում են հիշատակվում: Հեռուստատեսություն նրանց մուտքն արգելված է: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, ընդդիմությունն անգամ չէր էլ փորձում ապակայունացնել իրավիճակը: Հանրահավաքներ անցկացնելու հայտ էր ներկայացնում, իշխանությունները թույլ չէին տալիս, ընդդիմությունը համաձայնում էր:
Ադրբեջանի իշխանությունը շատ ուժեղ է և մենաշնորհել է կյանքի բոլոր ոլորտները: Այս իրավիճակում որևէ բան կանխատեսելն անհնարին է: Թե երբ և ինչպես այդ համակարգը շարքից դուրս կգա, ոչ ոք չգիտի:
Սակայն ընթացիկ տարվա սկզբում արաբա-մահմեդական մի շարք երկրներում ծավալված խռովությունների արդյունքում Ադրբեջանում ակտիվացավ իսլաման գործոնը:
Ընդդիմությունը վերջերս փորձեց չարտոնված հանրահավաք անցկացնել Բաքվի կենտրոնում, սակայն նրանց դաժանորեն ցրեցին: Մինչ այժմ 25 հոգի կալանավորված են: Նրանց թվում են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, շատ երիտասարդ ակտիվիստներ, բլոգերներ, աշխարհի տարբեր հեղինակավոր բուհերի ուսանողներ: Նրանց մեղադրում են թմրանյութերի վաճառքի մեջ, և մաքսիմալ ժամկետներ են սահմանում: Մեզ մոտ կատակում են, որ Հարվարդի շրջանավարտների ձերբակալությունները մտնում են կալանավայրերում օտար լեզուների դասավանդման և կրթվածության մակարդակի բարձրացմանն ուղղված պետական ծրագրի մեջ:
Եթե ընդդիմությանը կարելի է զրկել տեղեկատվական դաշտի գործիքից, և նրանք կգնան իրենց աշխատասենյակներում հարցազրույցներ տալու, ինչը և անում են, ապա կրոնի հետ մի փոքր դժվար է: Մզկիթները տարածված են ողջ Ադրբեջանով մեկ: Իշխանությունները չեն կարող քանդել այդ համակարգը: Յուրաքանչյուր գյուղում մզկիթ կամ մզկիթներ կան, կա ուրբաթօրյա նամազ, որին հավաքվում է բնակչության մեծ մասը, կա կազմակերպվածություն: Վերջին 15-16 տարիների ընթացքում ընդդիմադիր ընտրազանգվածը ավելի ու ավելի շատ է ուշադրություն դարձնում իսլամի վրա որպես իշխանության դեմ պայքարի միջոցի:
Առայժմ այլընտրանք չկա: Հենց այդ ընդդիմությունը կարողացավ 2 չարտոնված հանրահավաք անցկացնել: Նրանց առաջնորդին այժմ պահում են բանտում, մեղադրում են զանգվածային հակակառավարական ցույցեր կազմակերպելու մեջ:
3-5 հազար մարդը ներկայիս պայմաններում լուրջ թիվ է: Այնտեղ, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, իշխանությունները թույլ չեն տալիս զանգվածային հավաքներ անցկացնել:
Սակայն ես չէի ասի, որ այսօր քաղաքական իսլամը երկրում իրական ուժ է ներկայացնում: Դա կայացման գործընթաց է: Եթե մոտակա տարիներին աշխարհիկ ընդդիմությունը, աջերը, ձախերը չվերադառնան քաղաքականություն, քաղաքական իսլամը կդառնա միակ ընդդիմադիր ուժը: Այդ դեպքում շատ բան կփոխվի և կբարդանա: Օրինակ, ղարաբաղյան հարցում անգամ խաղաղարար իսլամը, որը կողմ է հանդես գալիս եվրաինտեգրմանը, հանդես է գալիս ծայրահեղական դիրքորոշմամբ` եթե Հայաստանում չկան ադրբեջանցիներ, ուրեմն Ադրբեջանում չպիտի լինեն հայեր, կամ էլ ադրբեջանցիները կվերադառնան Հայաստան և Ղարաբաղի համանման տարբերակը կստեղծեն: Սա իրատեսական չէ: Ոչ ոք լուրջ չի ընկալում նման մոտեցումը, բայց սա հռետորություն է, որը կարող է գերակա դառնալ»,- պատմել է քաղաքական վերլուծաբանը: