Home / Հայաստան / ՀՀ վարչապետն ակնկալում է, որ համաշխարհային հանրության ուշադրությունից դուրս չի մնա Հայաստանի փախստականների հիմնախնդիրը

ՀՀ վարչապետն ակնկալում է, որ համաշխարհային հանրության ուշադրությունից դուրս չի մնա Հայաստանի փախստականների հիմնախնդիրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին, հաղորդում է ՀՀ կառավարության կայքը:

«Այս մեծ հավաքի կազմակերպումը պայմանավորված է այն հանգամանքով, որ փախստականների խնդիրը դեռևս մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է, և նաև միջազգային համադրումները ցույց են տալիս, որ 1000 բնակչին ընկնող փախստականների քանակով Հայաստանն աշխարհում դեռևս բավական բարձր տեղ է զբաղեցնում: Համոզված եմ, որ Ձեր մասնակցությունը դոնոր կազմակերպությունների այսօրվա համաժողովին իր նպաստը կբերի, որ մենք կարողանանք արդյունավետ ճանապարհներ գտնել և այդ խնդիրները լուծել», – հանդիպման ընթացքում նշել է վարչապետը:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ ծավալված համագործակցությունից և նշել, որ իր այցի նպատակը միջազգային համերաշխությունը վկայելն է: Նա բարձր է գնահատել փախստականների ինտեգրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը:

Տեղեկացնելով, որ ինքն անձամբ այցելել է փախստականների ընտանիքներ և ծանոթացել նրանց ծանր կենսապայմաններին` պարոն Գուտերեշը միաժամանակ հույս է հայտնել, որ կառավարության հետ գործակցությունը կնպաստի ոլորտում առկա խնդիրների, մասնավորապես, փախստականների կարգավիճակին և ապաստանի տրամադրմանն առնչվող հարցերի լուծմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փախստականների բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համաֆինանսավորման և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է եղել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի կողմից Լեռնային Ղարաբաղում փախստականներին օժանդակություն տրամադրելու խնդրին:
Այնուհետև վարչապետը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ մասնակցել է «1988-92թթ. ընթացքում Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համաֆինանսավորման և հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության» թեմայով միջազգային համաժողովին: Իր ելույթում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

«Այսօր էլ փախստականների շրջանում խիստ բարձր է մշտական կացարանով չապահովվածների քանակը, ավելի սուր է արտահայտված աղքատությունը, շուրջ 2-3 անգամ բարձր է գործազրկության մակարդակը: Պատահական չէ, որ փախստականները ՀՀ կառավարության կողմից հաստատված Աղքատության կրճատման ռազմավարությունում ընտրված են որպես առանձին թիրախային խումբ, իսկ նրանց մշտական կացարանով ապահովելը մշտապես գտնվել է և շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը փախստականների խնդիրներին. «Վերջին շրջանում տարբեր տարածաշրջաններում առաջացող քաղաքական լարվածությունը, զինված հակամարտությունները ինչպես նաև բնական աղետները առաջացնում են փախստականների նորանոր հոսքեր: Բնական է նաև համաշխարհային հանրության ուշադրությունն այդ նոր օջախներում հայտնված մարդկանց կարիքներին: Մենք ակնկալում ենք, որ համաշխարհային հանրության ուշադրությունից դուրս չեն մնա ավելի վաղ ծագած հիմնախնդիրները, որոնցից է Հայաստանի փախստականների հիմնախնդիրը»: