Երեկ խորհրդարանում իշխող կոալիցիայի պատգամավորները խուսափում էին գնահատական տալ Հանրապետական կուսակցության պատգամավոր Սաշիկ Սարգսյանի հայհոյանքների ու «Հրապարակ» օրաթերթի լրագրող Մարինե Խառատյանի նկատմամբ հարձակման առթիվ, տեղեկացնում է «Հրապարակը»:
«Երեկ բարձրացանք ԱԺ նախագահի ընդունարան ու այնտեղ դիմեցինք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, փորձելով պարզել, թե որպես ԱԺ նախագահ ու հանրապետական, ինչպես է գնահատում, որ Հայաստանի խորհրդարանում ԱԺ պատգամավորը հայհոյում ու հարձակում է գործում լրագրողի վրա: «Կարելի՞ է ես ճշտեմ Ձեր հարցերը, նոր պատասխանեմ: Եղե՞լ է այդպիսի դեպք, ինչո՞ւ է պատահել, ո՞նց է պատահել: Դուք հիմա ասում եք միակողմանի և ուզում եք ես գնահատեմ»,- ի պատասխան`ասաց Հովիկ Արգամիչը: «Այսինքն Դուք լրագրողին չեք հավատում»,-եզրակացրինք մենք: «Ես բոլորին էլ հավատում եմ, բայց կարելի՞ է ես կարծիք հայտնեմ: Տեղեկանամ դեպքի մանրամասների մասին, նոր հայտնեմ իմ կարծիքը»,-հայտարարեց ԱԺ նախագահը:
Հովիկ Աբրահամյանն անհետացավ իր սենյակի դռների հետևում, ու չնայած բավական ժամանակ սպասեցինք, այդպես էլ որևէ արձագանք չեղավ:
Ապա մոտեցանք ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանին`հարց ուղղելով, թե ինչպես է գնահատում պատգամավորի հարձակումն ու հայհոյանքները: «Դուք ինքնապաշտպանությա՞մբ եք զբաղված»,- հարց ուղղեց պատգամավորը և դրական պատասխան լսելուց հետո հայտարարեց. «Ես կարծում եմ`Դուք սահմանված կարգով կարող եք դիմել դատարան: Իրավունքները պաշտպանելու այլ ձև մարդկությունը դեռ չի մտածել»: Այսինքն, պատգամավորներին կարգի հրավիրելու, էթիկայի նորմերը պահպանել տալու այլ ձև, քան նրանց դատարան քարշ տալն է` չկա:
Սաշիկ Սարգսյանին վերաբերող հարցից առավել զգուշացավ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը`հայտարարելով. «Ինձ չմոտենաք, ես զբաղված եմ»: