Այսօր` մայիսի 18-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Բելառուսում, կհանդիպի երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի և առևտրի նախարար Վալենտին Չեկանովի հետ: Այցի երկրորդ օրը` մայիսի 19-ին, Տիգրան Սարգսյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով, և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
ՀՀ վարչապետը կայցելի «Բարձր տեխնոլոգիաների պարկի աշխատակազմ» պետական ձեռնարկություն, ինչպես նաև ծաղկեպսակ կդնի Հաղթանակի հուշարձանին:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք: