Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող «Հայորդաց տներ» կազմակերպության ընդհանուր տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը «Երկիր» օրաթերթի հետ զրույցում պատմել է, թե ինչու Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները կարող են «Բենթլի» քշել և Pierre Cardin հագնել:
«Մեքենա ունենալը կարող ենք աշխարհիկ կյա՞նք կոչել: Դուք գիտեք, որ այսօր սփյուռքահայերը բացառիկ մոտեցում ունեն իրենց եկեղեցու և հոգևորականի նկատմամբ: Եթե սփյուռքահայ մեկը նվիրատվություն է կատարում մի որևէ հոգևոր առաջնորդի`եպիսկոպոս լինի, թե արքեպիսկոպոս, վերջինս պիտի ասի`չե՞մ ուզում այդ նվերը, մի նվիրի՞ ոչինչ: Եթե նվեր են տալիս, մարդն օգտագործում է, ես չեմ տեսնում այդ հարցը խնդիր դարձնելու պատեհությունը: Այսինքն`ուզում եք, որ արքեպիսկոպոսը «Զապորոժեցո՞վ» տեղաշարժվի, անպայման «Երեսունմե՞կ» քշի, մեր նպատակը դա՞ է: Եթե ինձ նվեր են տալիս հագուստ, որի վրա գրված է Pierre Cardin , ես պետք է չհագնեմ որովհետև Pierre Cardin կոստյում է, այլ հագնեմ թուրքակա՞ն կամ պարսկակա՞ն արտադրանքի», – ասել է եկեղեցականը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է ժողովուրդն անհանդուրժող` Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասել է, որ ժողովուրդն ինքը չգիտի`ինչ է ուզում:
«Փնտրում է քավության նոխազների և այսօր, քանի որ ամենամոդայիկը դարձել է հայ եկեղեցուն ցեխոտելն ու քննադատելը, բոլորը հենց դա են անում: Թե աղանդավորների ղեկավարներն ինչեր են իրականացնում, դրա մասին ոչ ոք չի խոսում: Ինչո՞ւ մամուլում չեք գրում, թե ինչ քաղաքական խաղերի մեջ են մտել աղան-դավորները: Ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ աղանդավորական շարժման ղեկավարները միացած առաջարկություններ են անում կուսակցություններին, որ «մենք պատրաստ ենք ձեզ այսքան ձայնով ապահովել, բայց դուք մեզ տեղ պիտի տաք ԱԺ-ում»: Ինչո՞ւ չի խոսվում այս մասին. լռում ենք, կանգնել ենք մի հատ «Բենթլիի» վրա, և անընդհատ էդ «Բենթլին» ենք խաղացնում: Ճիշտ չի սա: Հայ մարդն իրավունք չունի բարոյական իր կերպարից ցած իջնելու. ազգային սրբությունը պիտի մնա ազգային սրբություն»: