Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը մայիսի 18-ին Թբիլիսիում ավարտված Եվրոպայի կանանց շախմատի առաջնությունում զբաղեցրեց 3-րդ տեղը: Վերջին՝ 11-րդ տուրում, նա ոչ-ոքի խաղաց բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ և ընդհանուր հաշվարկում վաստակեց 8 միավոր: Նույնքան միավոր է վաստակել ռուսաստանցի Սվետլանա Մատվեևան, սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Դանիելյանը շրջանցեց մրցակցին:
Երկրորդ տեղում է Ստեֆանովան, ով 8,5 միավոր է գրանցել իր հաշվին, իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց լիտվացի Վիկտորիա Կմիլիտեն՝ 9 միավոր: Ի դեպ, Էլինա Դանիելյանն իր միակ պարտությունը մրցաշարում կրել է հենց լիտվացի գրոսմայստերից:
Հայաստանը ներկայացնող մյուս շախմատիստուհիներն ավելի անհաջող ելույթ ունեցան: Լիլիթ Մկրտչյանը 7 միավորով հանգրվանեց 21-րդ տեղում, իսկ Լիլիթ Գալոյանը 6 միավորով 41-րդն է: Նույնքան միավոր վաստակած Նելլի Աղինյանը 55-րդն է, Աննա Հայրապետյանը՝ 5,5 միավորով 71-րդը:
Մարիա Գևորգյանը հավաքել է 5 միավոր և զբաղեցրել է 80-րդ տեղը, Անահիտ Խառատյանը 4,5 միավորով՝ 95-րդն է, Լիա Մարտիրոսյանը նույնքան միավորով 106-րդը, իսկ Սիրանույշ Ղուկասյանը՝ 3,5 միավորով 118-րդ տեղը: