Արդեն մի քանի օր է, ինչ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները սկսել են մարզային այցելությունները և հանդիպումները մարզերի երիտասարդների հետ:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը:
«Մենք առայժմ եղել ենք Մասիսում, Աշտարակում, Էջմիածնում, բայց մինչ ՀԱԿ հրավիրած մայիսի 31-ի հանրահավաքն աշխատելու ենք որքան հնարավոր է շատ մարզեր այցելել, քանի որ այս մի քանի այցելություններից պարզում ենք, որ մարզերում կա ակտիվ պոտենցիալ ունեցող երիտասարդություն և նրանք ցանկանում են իրենց մտահոգող հարցերը քննարկել և ստանալ հարցերի պատասխաններ»,- ասել է Գևորգյանը:
Նա նշել է, որ հնարավոր է` հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, թե այժմ գտնվում ենք հեշտ փուլում. իշխանության կողմից կատարվում են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված պահանջների մի մասը, սակայն, ըստ Գևորգյանի, պատկերը լրիվ հակառակն է:
«Այս փուլում պետք է կրկնակի, եռակի եռանդով աշխատենք և մեր մասնակցությունը ցուցաբերենք ընդհանուր գործին, որպեսզի իշխանությունները վերջնականապես հասկանան, որ մեր վճռականությունը չենք զիջելու, պայքարելու ենք մինչ վերջ»:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ՀԱԿ-ը հրավիրել է հանրահավաք և երթ Ազատության հրապարակում, որը ի գիտություն է ընդունվել քաղաքապետարանի կողմից: ՀԱԿ ակտիվիստները մայիսի 26-ին իրազեկման երթ կանցկացնեն` շրջելով Երևանի կենտրոնի բուհերի մոտով: