Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեին, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարությունը:
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների:
Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտվեց հիմնահարցիխաղաղ և բանակցային լուծման այլընտրանքի բացակայությունը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի կառուցողական ներգարավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Էդվարդ Նալբանդյանը Ալեն Ժյուպեին հրավիրել է այցելել Հայաստան:
Մայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը նաև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական և արտաքինքաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լևիտի հետ: Հանդիպմանը քննարկվել է այս տարվա երկրորդ կեսին նախատեսված՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան այցելության, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող հարցեր: