Կիրակի օրը Մոսկվայի մարզի Չեխով քաղաքի հիվանդանոցում մահացել է Հայաստանի քաղաքացի 22-ամյա Գրիգոր Ուսնյանը:
Մայիսի 8-ին Չեխովի շրջանի Նովի Բիտ ավանում Գրիգորի ու նրա երկու ծանոթների վրա` նույնպես հայերի, հարձակվել են մի խումբ երիտասարդներ: Ազգայնամոլ երիտասարդները դաժան ծեծի են ենթարկել հայ երիտասարդներին: Մի քանի օր Չեխովի հիվանդանոցի բժիշկները փորձել են փրկել երիտասարդի կյանքը, սակայն գլխին ստացած վերքերից Գրիգորը մայիսի 15-ին մահացել է:
Բժիշկները Գրիգորի ծանոթների վիճակը ծանր են գնահատում, սակայն ասում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը, հավելելով, որ իրենց դեռ չի հաջողվել պարզել` արդյոք Չեխովի շրջանի իրավապահ մարմինները կատարվածի կապակցությամբ քրեական գործ հարուցե՞լ են:
Հայ երիտասարդների վկայությամբ` իրենց վրա հարձակվել են հենց ազգայնամոլները, փոխանցեց Մուկանյանը: Վեճի համար որևէ առիթ չի եղել, և կատարվածը ազգային հողի վրա հարձակումի է նման: Հայ երիտասարդները ասում են նաև, որ իրենց վրա հարձակվել են 20-25 տարեկան երիտասարդներ:
Լևոն Մուկանյանը հայտնեց նաև, որ երկուշաբթի օրվանից Ռուսաստանի հայերի միության խնդրանքով այս գործով զբաղվում է փաստաբան Մանուկ Շամիրովը:
Գրիգորը աշխատում էր Մոսկվայի մարզի շինհրապարակներից մեկում, Հայաստանում ապրում են նրա մայրը և հաշմանդամ քույրը, որը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ կորցրել է ոտքը: Գրիգորի հայրը 1992 թվականին զոհվել է Ղարաբաղում:
Գրիգոր Ուսնյանի դին տեղափոխվել է Հայաստան: