Հովիկ Աբրահամյանի նոր BMW 750LI մեքենայի գործարանային արժեքը ավելի քան 100 հազար դոլար է, գրում է «Հայկական ժամանակը»: Օրաթերթի լրագրողը ներկայացնում է մեքենայի վերաբերյալ իր երկխոսությունը ՀՀ Աժ նախագահի հետ.
«Եթե սրան գումարենք նաև մաքսազերծման արժեքը և «կոմպլեկտացիան», կստացվի զգալիորեն ավելի մեծ գումար: Երեկ, երբ Հովիկ Աբրահամյանին հարցրինք, թե ԱԺ նախագահի հին մեքենան ինչ է արել և նորն ինչ միջոցներով է գնել, նա ասաց. «Հիմա, որ տեսաք, Հունգարիայի խորհրդարանի նախագահն էր դրա մեջ: 2 մեքենա կա, մեկը, որ առել էր Արմեն Խաչատրյանն այն ժամանակ, մի հատ էլ մենք նոր ենք գնել, ստեղ է հիմա»: Ե՞րբ եք գնել` հարցրինք: «Դեկտեմբերին, գնել ենք 2 հատ, կառավարությունը գնել է մի հատ վարչապետի համար, մի հատ`ինձ»: Իսկ հինը ինչո՞վ «ձեռք չէր տալիս» հարցին ԱԺ նախագահը պատասխանեց. «Հինը բռոն է (նկատի ունի զրահապատ է), ես բռոն չեմ ուզում նստեմ: Սա բռոն չի, հասարակ մեքենա է»: Ի՞նչ արժի, հարցրինք: «Չեմ էլ իմանում, կառավարությունն է գնել»,-ասաց նա: Բյուջեի հաշվին` նկատեցինք մենք: «Կարող է՞ մեր հաշվին է գնել, բա բյուջեի հաշվին պիտի գնի: Եթե դու գտնում ես, քո տենց ակադեմիկ լինելով, որ Ազգային Ժողովի նախագը պիտի մեքենա չունենա, վարչապետը չունենա, սխալվում ես»,-ասաց Աբրահամյանը:
Երբ նկատեցինք, որ ԱԺ նախագահն արդեն մեքենա ուներ, այն էլ`զրահապատ, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ասում եմ, ես բռոն չեմ նստում, բռոնը հյուրերի համար է, для гостей»: Հետո պարոն Աբրահամյանը մեզ բացատրում էր, որ ԱԺ նախագահի զրահապատ, այսինքն`հին մեքենան BMW 6 էր, իսկ նորը` BMW 750 LI-ը, հասարակ մեքենա է: «Որ խփեմ էլ, ոչինչ»,- կատակեց նա: Երբ հարցրինք`կարելի՞ է նկարել, Հովիկ Աբրահամյանն իր գլխավոր թիկնապահին հանձնարարեց ուղեկցել մեզ` մեքենան նկարելու`հավելելով. «Տեսնում ես, ինչ դեմոկրատ եմ»: «Ահագին առաջընթաց է»,- խոստովանեցինք մենք»: