Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին չի վախեցնում այն փաստը, որ իրեն պատրաստվում են դատի տալ, և պատրաստ է ապացուցել, որ իր տրամադրած տեղեկատվությունը ճիշտ է:
Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը yerkir.am-ին հայտնել էր, որ մտադիր է դատի տալ Շամշյանին, ով երեկ հայտնել էր, որ «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի մոտ ոստիկանները կանգնեցրել են Արզաքանցյանի BMW-740 և նրան ուղեկցող Mitsubishi Pajero ավտոմեքենաները: Երկու մեքենաների վարորդներն էլ եղել են առանց ամրագոտիների: Ըստ Շամշյանի` երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են պատգամավորին և նրան ուղեկցող ավտոմեքենաները, պատգամավորը դիմել է փախուստի: Արզաքանցյանի խոսքով` իրեն ոչ մի ոստիկան էլ չի մոտեցել, չի կանգնեցրել ու խոսել, ինքն էլ չի արհամարհել ու գնացել։
«Արզաքանցյանը մոտ 10-15 րոպե էդտեղ կանգնած է եղել: Նա Վազգեն Սարգսյան փողոցի ստայանշչիկը չի, որ հենց էնպես կանգնած լիներ: Իսկ այդ ընթացքում իր հետ կարմիր բերետավորները բանակցություններ են վարել»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Շամշյանը: ֆոտոլրագրողը նաև հավելել է, որ ինքը իր հեղինակության հետ երբեք խաղ չի անում ու սուտ ինֆորմացիա չի հաղորդում:
«Դեպքի վայր ես հասել եմ մի փոքր ուշացումով և հասցրել եմ նկարել ոստիկանություն տարվող թիկնապահի մեքենան և Արզաքանցյանի ու կարմիր բերետավորների զրույցի ականատեսներին: Մարդիկ կային` ճանաչեցին ինձ, ասեցին` Շամշյան, ուշանում ես, և ասեցին, որ Արզաքանցյանի մեքենան է, կարմիր բերետավորները կանգնացրել են: Ասեցի` ուր ա, քշեց գնաց, և տեսա, որ Արզաքանցյանի մեքենան իջավ ուղիղ դեպի Կոմայգու կողմ»,- պատմել է Շամշյանը:
Լուսանկարը` aravot.am-ի