Home / Հայաստան / Անդրանիկ Մարգարյանն ասել էր` «մի օր ինձ կսպանեն», պատմում է ընկերը

Անդրանիկ Մարգարյանն ասել էր` «մի օր ինձ կսպանեն», պատմում է ընկերը

ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ, բանաստեղծ Մերուժանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր բնական մահով չի մահացել:

– Մի անգամ Ձեր հարցազրույցներից մեկում Դուք կասկած էիք հայտնել հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարկյանի մահվան կապակցությամբ: Կա՞րող եք փակագծեր բացել:

– Իմ և Անդրանիկ Մարգարյանի ընդհանուր զրույցներից մեկի ժամանակ հանգուցյալ վարչապետն ասում էր` մի օր ինձ կսպանեն: Ես նրան ասացի`ինչո՞ւ պիտի քեզ սպանեն, երբ դու հպատակվում ես ստեղծված դրությանը, իսկ դրության տերերը իրենք են`ղարաբաղյան կլանը: Բայց կար մի հանգամանք`չափազանց երկար տևեց նրա վարչապետությունը. 7 տարի ենթակա լինելով երկրորդ նախագահին, նա մնաց վարչապետ: Ժամանակն էր, որ վարչապետ դառնար ղարաբաղյան կլանի ներկայացուցիչը: Իսկ Անդրանիկ Մարգարյանը այլևս չէր կարողանում և՛ պահանջները կատարել, և՛ չէր կարողանում նաև կողմնորոշվել երկրի ապագայի նկատմամբ: Ուստի, երևի թե նպատակահարմար գտնվեց նրա ֆիզիկական բացակայությունը տեսնել, որպեսզի այդ պայմաններում հարմար լիներ ղարաբաղյան կլանից որևէ մեկի վարչապետ դառնալը: Ինչ ճանապարհով, ինչպես տեղի ունեցավ նրա վախճանը, ես չեմ կարող ասել, բայց գիտեմ մի բան, որ ինքը սպասում էր այդ օրվան, նա բազմիցս էր կրկնում, որ իրեն կարող է սպանեն: Նա չգիտեր` իր նկատմամբ ինչ պիտի կիրառվի, որպեսզի ինքը բնական վախճանով չհեռանա կյանքից, բայց այդ մարդն այսօր ինձ համար մնում է որպես ազգային մտածողությամբ հայրենասեր  քաղաքական գործիչ, որը այդպես էլ չկարողացավ կայանալ որպես վարչապետ, որովհետև այդ հնարավորությունը նրան չտրվեց  մինչև կյանքի վերջ: Ինձ թվում է, որ մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի եղեռնագործությունը բացահայտվելուց հետո պատմությունը մեզ կհուշի խորհել նաև Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահվան շուրջը:

Լուսանկարը` regnum.ru